Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհը` մի փոքրիկ փողոց

Մշակույթ
f1687c1de00ce0b86b8b790af7cba3a8

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մասնագիտական ուսուցման ամբիոնը սեպտեմբերի 28-ին կազմակերպել էր «Լեզուների երկխոսություն» խորագրով միջոցառում` նվիրված եվրոպական երկրների միջազգային օրվան:

Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ. Ֆրանսիական դեսպանության լեզվական և մշակութային գծով Ֆաբիեն Նեիրան, մշակութային բաժնից` Մոնիկ Մարտենը, Գերմանիայի դեսպանատան կրթական ծրագրերի պատասխանատու Թինե Լաուֆերը, Ռումինիայի ներկայացուցիչ Քրինա Պրոնարիուն, Բրազիլիայի դեսպանատան մշակութային բաժնի պատասխանատուն և օտար լեզվի թեքումներով դպրոցների ներկայացուցիչներ:

Հանդիսավարները տարբեր լեզուներով ողջունեցին ներկաներին: Ապա ուսանողները տարբեր լեզուներով ներկայացրին աստվածաշնչյան ավանդազրույցը լեզուների ստեղծման մասին ու հավելեցին. «Այնտեղ, որտեղ տարբեր լեզուներով մարդիկ չեն կարող հաղորդակցվել, հաղորդակցվել են մշակույթի միջոցով, որը սահմաններ ու լեզու չի ճանաչում»:
Ուսանողները էստրադային և դասական ժանրի երգերով ներկաներին մատուցեցին իսպանական, ֆրանսիական և գերմանական մշակույթ:

Միջոցառումն ամփոփեցին Եղիշե Չարենցի խոսքով. «Աշխարհը կդառնա մի փոքրիկ փողոց» հանուր մարդկության համար: Չարենցի մարգարեությունը մեր ժամանակների համար էր. երկրագնդի մեծ քարտեզի վրա կարևորը մարդն է, իսկ մշակույթները` զգացողությունների և մերձեցման լավագույն միջոց: