Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ, ՈՐ Ա1+-Ը ՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

«Կա հասարակական պահանջ, որպեսզի Ա1+-ը շարունակի իր գործունեությունը: Եվ դրանում պետք է շահագրգռված լինի նաեւ իշխանությունը», - համոզված է Հայաստանի Ժողովրդական Կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ասվածը Ստեփան Դեմիրճյանը հիմնավորում է հետեւյալ կերպ. անցումային, սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող ցանկացած երկրին հարմար է ունենալ մի կառույց, որը կլսի եւ կլիցքաթափի հասարակությանը:

Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, սխալ է ընդդիմություն համարել Ա1+-ը: Հասարակությունը սիրում եւ վստահում է Ա1+-ին: Եվ էլ ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել որոշում կայացնելիս, եթե ոչ հասարակության պահանջը:

Դեցիմետրային 37-րդ կապուղու համար հայտարարված մրցույթին հետեւողներն ընդունում են, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր հայտնվել է բավական բարդ վիճակում:

«Ա1+-ի փակումը ոնց էլ մեկնաբանվի, ինչպես էլ ներկայացվի ընկալվելու է որպես հասարակական կարծիքի նկատմամբ արհամարանքի դրսեւորում, «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի հերթական կիրառում, ասում է ՀԺԿ նախագահը:

Իշխանության լծակներին չտիրապետող քաղաքական ուժերն այսօր մտահոգված են անկախ լրատվամիջոցների համար ստեղծված իրավիճակով: Մտավախություն կա, որ ընտրությունների նախաշեմին կարող է սահմանափակվել օբյեկտիվ լրատվությունը: Այդ դեպքում, հասարակությանը կներկայացվեն զտված ՝ այսպես ասած միայն բարի լուրեր: