Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ «ՇԱՀՈՂ ԼՈՏՈ»-ԻՆ

Տնտեսություն

Այսօր Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստը:

Օրակարգում ընդգրկվել էր չորս հարց`«Խոսպ» ՍՊԸ-ի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու, «Էստէ» ՍՊԸ կողմից ներկայացված «Բարի ակընթարթ» եւ «Բարի անակնկալ» վիճակախաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգերի փոփոխությանը համաձայնություն տալու եւ «Հարստություն» ՓԲԸ նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցերի քննարկումը:

Նիստին ներկա էին միայն «Հարստություն» ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Այս ընկերությունը կազմակերպում է «Շահող լոտո» վիճակախաղը: Օրակարգի այս կետն էլ խլեց նիստի գրեթե ողջ ժամանակը:

Սա երկրորդ նիստն է, որի ընթացքում քննարկվում է «Հարստություն» ՓԲԸ հարցը` վիճակախաղի կազմակերպման ընթացքում տեղի ունեցած որոշ խախատումների պատճառով:

Դրանցից մեկը հետեւյալն է` 18 տարին չբոլորած Սամվել Ռամազյանը վիճակախաղով շահել է դեպի Փարիզ ուղեգիր, սակայն խնդրել է իրեն տալ տոմսի գումարային արժեքը: Ընկերությունը որոշել է, որ ուղեգրի արժեքը 800000 դրամ է: Երիտասարդին ստորագրել են տալիս այդ թվի տակ, սակայն նրան տրվում է ընդամենը 500000դրամ: Երիտասարդը բողոքում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Վիճախաղի կազմակերպիչները, ըստ երեւույթին, տեղեկանալով բողոքի բովանդակությանը` շահողին տալիս են նաեւ մնացած 300000 դրամը:

Հաշվի առնելով, որ սա ընկերության կողմից առաջին խախտումն է եւ այն, որ շահողին ի վերջո տրվել է ամբողջ գումարը` հանձնաժողովը որոշեց «նախատեսել լիցենզիայի գործունեության կասեցում», այսինքն եթե առաջիկա երկու տարում գրանցվի երկրորդ խախտումը, ապա ընկերությունը մեխանիկորեն կզրկվի լիցենզիայից:

Ի դեպ, այս որոշումը կայացվեց մոտ երկու ժամ տեւած դռնփակ նիստում, որի ժամանակ հանձնաժողովի երկու անդամներ երկու անգամ դուրս ու ներս արեցին` վերջին անգամ իրենց հետ ներս տանելով մի անծանոթի: «Հարստություն» ՓԲԸ իրավախորհրդատուն հայտարարեց, որ սա օրենքի խախտում է եւ պահանջեց արձանագրել:

Օրակարգի մնացած հարցերը հանձնաժողովը որոշեց մերժել: