Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք չեն ծառայել բանակում

Հասարակություն
ecdbdb8d29d21ae38c741096f6df8550

Սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել հաղորդագրությունը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին` ԼՂՀ ՊԲ կապիտան Արթուր Օհանյանը, ծառայության ընթացքում ավտովթարի է ենթարկվել եւ ծանր վնասվածքներով գտնվում է զինվորական հոսպիտալում:

Ոմանք իրենց զորակցությունն են հայտնել վթարի ենթարկված սպային, միաժամանակ` ոգեւորությամբ ընդունելով փաստը, որ բարձրաստիճան պաշտոնյայի որդին ծառայում է Արցախում: Ոմանք էլ, առիթը օգտագործելով, նշել են այն հայտնի քաղաքական-հասարակական դեմքերի կամ նրանց որդիների անունները, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամկետային զինվորական ծառայություն չեն անցել:

Մասնավորապես` Facebook ցանցի օգտատերերից մեկը մեջբերում է Pravda.am կայքում նշված մի ցանկ, համաձայն որի` այս կամ այն պատճառով «բանակ չեն գնացել» Ազգային Ժողովի հետեւյալ պատգամավորները.

Կարեն Ավագյան ՀՀԿ 1974թ, Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ, ծնվ.`1975), Շիրակ Թորոսյան (ՀՀԿ, 1972թ), Վահե Հակոբյան (ՀՀԿ, 1977թ), Արկադի Համբարձումյան (ՀՀԿ, 1971թ), Հայկ Սանոսյան (ՀՀԿ, 1971թ), Կորյուն Նահապետյան (ՀՀԿ, 1971թ), Մարտուն Գրիգորյան (ԲՀԿ, 1981թ), Արա Նռանյան (ՀՅԴ, 1973թ), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ, 1972թ), Կարեն Հրանտի Վարդանյան (ՀՅԴ, 1976թ), Միքայել Հրանտի Վարդանյան (1973թ), Խաչիկ Պետրոսյան (ՕԵԿ, 1974թ), Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն», 1973թ) (ով, սակայն , հերքել է,  թե մոտ ութ ամիս գրեթե զինվորական ռեժիմով ամեն օր հաճախել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիային կից ռազմական ամբիոն` առավոտյան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյան ժամը 18:00-ը);

Ընդ որում, օգտատերերից մեկը նշում է, որ չգիտես ինչու ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը 2006 թ. պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Քննարկման մասնակիցները նշում են նաեւ մի քանի մարդկանց անուններ, որոնք իրենց գործունեության բնույթով «հաճախ են խոսում հայրենասիրությունից» կամ զբաղեցնում են պետական պաշտոններ, բայց նույնպես շարային ծառայություն չեն անցել:

Նրանց թվում են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը (ՀՀԿ), Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Գալուստի Սահակյանը (ՀՀԿ), ԿԸՀ նախկին քարտուղար, այժմ` գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ՀՀ Կենսաթոշակային հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը (ՀՀԿ), «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանը, Արեն Մանուկյանը (ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին), Արսեն Խառատյանը (ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին), նախկին Առաջադիմական կուսակցության ղեկավար, այժմ` ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանը եւ այլք:

«Ա1+»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ցուցակում հայտնվածներից: Այսպես, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թեւ առողջական խնդիրների պատճառով զորամասում ծառայության մեջ չի եղել, բայց հաշվառված է ԶՈՒ պահեստազորում` որպես շարքային: «Ես կարող եմ նույնիսկ իմ զինվորական գրքույկի պատճենը ներկայացնել», - ասաց նա:
Շիրակ Թորոսյանը, Էդուարդ Աբրահամյանը ծառայության փոխարեն զբաղվել են գիտական գործունեությամբ:
Որոշ մեկնաբանություններ էլ «Ա1+»-ը չի հրապարակում` զրուցակիցների խնդրանքով, քանի որ դրանք խիստ անձնական՝ առողջությանը վերաբերող տեղեկություններ են պարունակում: