Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ այսօր լրագրողներին փորձեց տալ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:

Մամլո ասուլիսով նա հանդես եկավ մենակ, սակայն, մինչ այդ զգուշացրեց. միայնակ ասուլիս հրավիրելու փաստը չի նշանակում, որ պատվիրակությունում պառակտում կա:

Տիգրան Թորոսյանի խոսքերով, դեռ Հայաստանում արդեն պարզ էր ընդդիմադիր պատգամավորների կեցվածքը եւ իրենց մտադրությունը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալու վերաբերյալ: Ամեն դեպքում այդ փաստին Տիգրան Թորոսյանը հանգիստ է վերաբերվում եւ նշում է. «պատվիրակությունն աշխատել է լիարժեք եւ արել է այն ամենը, ինչ կարելի էր անել այս իրավիճակում»:

Տիգրան Թորոսյանի կարծիքով ընդամենը հուզական են այն ելույթները, որոնք վերաբերում են ԵԽ մեկնած հայկական պատվիրակության կազմի փոփոխությանը:

Գրեթե նույն կարծիքն ունի նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Ես դեմ եմ պատվիրակության կազմը փոփոխելուն: Մենք պարտավոր ենք հարգել նաեւ մեր քաղաքական ընդդիմախոսներին: ԵԽ-ում պետք է ներկայացված լինեն եւ ընդդիմության, եւ իշխանության ներկայացուցիչները: Տվյալ դեպքում «Արդարություն» խմբակցությունն առաջարկել է Շավարշ Քոչարյանին եւ դա «Արդարության» գործն է: Այլ խնդիր է, որ ես հանդիպում կունենամ պատվիրակության անդամների հետ եւ մենք կխոսենք մեր պատվիրակության աշխատանքի առանձնահատկությունների մասին»:

Չնայած Արթուր Բաղդասարյանի դրսեւորած լիբերալիզմին, ԱԺ նախագահն այնուամենայնիվ, չդիմացավ եւ ավելացրեց, որ իհարկե ցանկալի է, որ Հայաստանի պատվիրակությունների ՀՀ սահմաններից դուրս հանդես գան միախմբված: