Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-Ն ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Քաղաքականություն

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին իսկ օրը ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ընդունեցին քաղաքական որոշում՝ իրենց հետագա գործունեության վերաբերյալ:

«Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցությունների պատգամավորները այլեւս չեն մասնակցելու խորհրդարանի օրենսդիր աշխատանքին: ԱԺ նիստերի դահլիճ նրանք միայն կմտնեն հայտարարությունների եւ հարց ու պատասխանի օրերին, այսինքն՝ երեքշաբթի եւ չորեքշաբթի:

Ընդդիմադիրներն այդ կերպ քաղաքական նպատակով օգտագործելու են խորհրդարանական ամբիոնը:

Մեկնաբանելով ընդդիմադիրների որոշումը «Արդարություն» խմբակցության պատգամավոր Ալբերտ Բազեյանը նշեց, որ եթե օրենսդիր մարմինն ինքն արդեն ոտնահարում է օրենքն, ապա այդ դեպքում ընդդիմադիրներն այդ խորհրդարանում անելիքներ չունեն:

«Օրենք ոտնահարել» ասելով ընդդիմադիր պատգամավորները նկատի ունեն այն փաստը, որ խորհրդարանն այս եռօրյա աշխատանքներում հերթական անգամ չընդգրկեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը:

Նախօրոք իմանալով, որ Աժ մեծամասնությունը, միեւնույնն է, թույլ չի տա, որ հարցը օրակարգ մտնի, ընդդիմադիր պատգամավորները հենց սկզբից որոշեցին չմասնակցել եւ բոյկոտել քվեարկությունը:

Արդյունքում քվեարկության ժամանակ ընդամենը 4 պատգամավոր է կողմ եղել, որ հարցը «հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հարցը մտնի օրակարգ: 81 պատգամավոր այդ հարցին դեմ է արտահայտվել, իսկ 2 ձեռնպահ: