Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիան հասել է գերեզմանատներին

Հասարակություն
e200de210ddd6abce20b22bc83ba4996

Գալուստ Նանյան, Կովկաս

Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքների հաշվարկները ցույց են տվել, որ 2020 թվականին երեւանցիներն իրենց վերջին հանգրվանի համար մայրաքաղաքի գերեզմանատներում հողակտոր չեն գտնի, իսկ նոր գերեզմանատուն կառուցելու համար միջոցներ չկան:

Գերեզմանատներում հողակտորների պակասը կոռուպցիայի նոր տեսակ է ի հայտ բերել. այս անգամ գերեզմանատների աշխատակիցներին մեղադրում են հողատարածքները վաճառելու եւ ընտանեկան գերեզմանների տերերին իրենց հողակտորները բարձր գնով վաճառելու թույլտվություն տալու մեջ:

«Մայրաքաղաքում նոր գերեզմանատուն կառուցելու համար անհրաժեշտ է 46,5 հա հողատարածք, որ այսօր չունենք»,- IWPR-ին ասաց Երեւանի քաղաքապետարանին կից գործող «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության ճարտարագետ Ռազմիկ Հարությունյանը:

Երեւանում գոյություն ունի 21 գերեզմանատուն, որից 14-ը արդեն ամբողջությամբ փակ են, իսկ դեռեւս բաց գերեզմանատները մայրաքաղաքում ընդամենը 7-ն են, որտեղ, սակայն, ազատ հողակտորներն այնքան էլ շատ չեն, ու մարդիկ օգտագործում են ընտանեկան տարածքները, որոնք դեռեւս ամբողջությամբ զբաղված չեն:

Քանի դեռ նոր գերեզմանատուն կառուցելու հարցը լուծված չէ, քաղաքացիները ստիպված են իրենց հանգուցյալ հարազատներին հողին հանձնելու համար վճարել հողակտորների համար, թեպետ դա ապօրինի է: 2006-ին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» մասին օրենքը նախատեսում է մեկ մարդու համար 2,5 քմ, իսկ ընտանեկան գերեզմանի համար 12,5 քմ անվճար տարածք ապահովել:

«Երեք տարի առաջ պապիկիս թաղելու համար Երեւանի գերեզմանատներից մեկում տեղ գնեցի, որի համար մեծ գումար տվեցի այն մարդուն, ով ինձ օգնել էր այդ հարցում, որպեսզի ձեւակերպի նաեւ համապատասխան թղթաբանությունը», - պատմում է Կարապետ Դավթյանը:

«Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության տրամադրած տվյալներով` Երեւանում յուրաքանչյուր ամիս մահանում է 550-600 մարդ, տարեկան կտրվածքով` 7000-7200 մարդ: Այսինքն`գերեզմանատներում հողակտորների պակասը թույլ է տալիս պատասխանատու պաշտոնյաներին ապօրինի կերպով մեծ գումարներ վաստակել:

Ոլորտում տիրող կոռուպցիոն իրավիճակին իր ելույթներից մեկում անդրադարձել էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դուք բոլորդ, երևի, առնչվել եք այդ խնդրի հետ, ակնհայտորեն գիտեք, որ կաշառակերությունն այդտեղ ուղղակի ծաղկում է: Եթե ուզում եք լավ տեղ ստանալ, մեծ տեղ ստանալ, փողով հնարավոր է ամեն ինչ լուծել, ընդ որում` ցինիզմը հասել է գագաթնակետին, ոչ մի բան չի կաշկանդում մարդկանց», - նշել էր կառավարության ղեկավարը:

Ռազմիկ Հարությունյանը, սակայն, չի ընդունում, որ որոշ հողատարածքներ վաճառվում են հանգուցյալների հարազատներին:

«Այո, այսօր հաճախ ենք նման նամակներ ստանում, որ գերեզմանատեղի համար հսկայական գումարներ են պահանջում: Ստանում ու անմիջապես գործին հետեւում ենք, հետո պարզվում է, որ տասնամյակներ առաջ այնտեղ թաղված մարդկանց ժառանգները, որ մեծ տեղ են վերցրել, կիսում են իրենց գերեզմաները եւ վաճառում են մեկ ուրիշին», - ասում է Հարությունյանը:

Արդեն երեք տարի Աննա Ավետյանը ուզում է վաճառել իր տատիկ-պապիկի գերեզմանատեղը 3000 դոլարով, սակայն գնորդ չի գտնում եւ պատրաստ է սակարկել:

«Կենտրոնական գերեզմանատանը թաղված են տատիկս ու պապիկս: Մորաքույրս բնակվում է ԱՄՆ-ում: Երբ մի օր նրանցից գումար խնդրեցի կարիքներիս համար, մորաքույրս առաջարկեց, որ իր ծնողների գերեզմանատեղը վաճառեմ: Սկզբում ես զարհուրեցի, սակայն հետո սկսեցի գնորդ ման գալ», - ասում է Ավետյանը:

Հին գերեզմանատեղերի վրա նոր հանգուցյալներ թաղելու դեպքերը Երեւանում շատ են:

Երեւանի բնակիչ Անժելա Սարգսյանը, այցելելով կենտրոնական գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզման, հայտնաբերել էր, որ հոր կողքին թաղել են մի անծանոթ կնոջ:

«Անմիջապես գնացի թաղման բյուրո, որն այդ ժամանակ ղեկավարում էր ոմն Ռոզան: Պարզաբանում պահանջեցի, իսկ տնօրենը միայն գոռում էր: Երբ վախեցրի, որ այդ հարցով կդիմեմ համապատասխան մարմիներին, Ռոզան խնդրեց, որ չբողոքեմ` խոստանալով, որ ինքն այդ հարցին լուծում կտա», - պատմում էր Սարգսյանը:

Մեկ շաբաթ անց, Սարգսյանին զանգահարեցին եւ ասացին, որ խնդիրը «լուծվել» է. «Կնոջ դիակը գիշերվա ընթացքում հանել էին գերեզմանից եւ տեղափոխել ուրիշ տեղ: Ամիսներ անց պարզեցի, որ մեր ընտանեկան գերեզմանի տարածքը Ռոզան 7000 դոլարով վաճառել էր մի մեծահարուստի»:
Հայաստանում մեծահարուստների`գերեզմանատեղերի վրա մեծ գումարներ ծախսելու մասին է վկայում նաեւ Ռազմիկ Հարությունյանը. «Ներկա պահին Երեւանի Շահումյանի գերեզմանատանը կա 400 քմ մեծությամբ մի գերեզման, որտեղ գերեզմանի տերերը ծախսել են ավելի քան 1,5 մլն դոլար»:

Մինչդեռ հարուստները գումարներ են ծախսում գերեզմանատեղերը «էլիտար» դարձնելու համար, մասնագետներն անհանգստանում են, որ 40 տարի հետո Երեւանի հողերի 40 տոկոսը կկազմեն գերեզմանատները:

Խնդիրը լուծելու համար դեռեւս 2008-ին Հայաստանի կառավարությունը որոշել էր Երեւանում դիակիզարաններ կառուցել: Այդ նպատակով արդեն իսկ Երեւանի Աջափնյակ համայնքում հատկացվել է 53 հա տարածք:

«Երեւաննախագիծ» ինստիտուտի հաշվարկներով` դիակիզարանի նախագծա-նախահաշվային աշխատանքների համար կպահանջվի 143 մլն դրամ (գրեթե 390000 դոլար), իսկ դիակիզարանի կառուցումը կարժենա 4,5 մլրդ դրամ (ավելի քան 12 մլն դոլար):

«Դիակիզարանը հնարավորություն կտա խնայել գերեզմանոցների համար հատկացվող տարածքներն ավելի քան 24 անգամ», - ասում է Ռազմիկ Հարությունյանը:

Գալուստ Նանյանը ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)