Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2300 շրջանավարտ դիպլոմ ստացան (տեսանյութ)

Հասարակություն
84d23f7b976c7138f085ba17e8d9c7ff

Առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ մեկ օրում դիպլոմ ստացան համալսարանի բոլոր` 2300 շրջանավարտները:

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը օրհնանքի խոսք ասաց ապագա մանկավարժներին եւ վստահություն հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կհամալրեն այն երախտավորների շարքերը, որոնք անձնվիրաբար ծառայել են ապագա սերունդների կրթման ու դաստիարակման գործին:

«Երիտասարդ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը յուրաքանչյուր ազգի հուսալի ապագայի կարևոր պայմաններից է, եթե ոչ գլխավոր երաշխիքը: Կյանքի բոլոր ոլորտներում գիտելիքներն ու հմտությունները սկսվում են ուսուցանելուց և ուսանելուց: Մատաղ սերնդին ուսուցանելու գործում շատ կարևոր է նրանց հոգևոր ներաշխարհի և մարդկային նկարագրի ձևավորումը` հիմնված քրիստոնեական մեր հավատի և ազգային արժեքների վրա»,-իր հայրապետական խոսքում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Նա հիշեցրեց առաջին ուսուցիչներ Սահակ Պարթեւի ու Մեսրոպ Մաշտոցի` կրթությունը, գիտությունն ու մշակույթը պահպանելու, հայրենիքին նվիրվելու ոգին ու կամքը, հայրենի պետականությունը կերտելու երազն ու ձգտումը:

«Նրանց պայծառ կերպարն ու օրինակը դարձրեք ձեզ համար առաջնորդող ուժ»,-խորհուրդ տվեց կաթողիկոսը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ մանկավարժական համալսարանի լավագույն 10 շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները:

Միջոցառումը շարունակվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգով: Հնչեցին Կոմիտասյան մանրանվագները, Ասթոր Պիացոլլայի «Տանգո»- ների շարքը,Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ»-ը, Ռուբեն Ալթունյանի «Բերդ» եւ «Քոչարի»-ի մշակումները եւ հատվածներ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներից»:

Միջոցառումն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ եւ հաջորդ տարի կրկնվելու խոստումով:

Միջոցառմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության եւ խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: