Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-Ն ՄԵԶ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Քաղաքականություն

Եվրամիության տարածաշրջանային ներկայացուցիչ Հեյկի Թալվեթիեն Հայաստանում գտնվելու 4 օրվա ընթացքում հանդիպել է նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Հուսով եմ, որ իշխանությունները եւ ընդդիմությունը լավ կհամագործակցեն Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններն ավելի կենսունակ դարձնելու ուղղությամբ», -այսօր ՀՀ ԱԳՆ-ում ասաց Հեյկի Թալվեթիեն:

ԸՕ փոփոխությունների հարցը ԵՄ տարածաշրջանային ներկայացուցիչը քննարկել է նաեւ ԱԺ նախագահի հետ: «Համոզված եմ, որ օրենսգիրքը լավ ձեռքերի մեջ է», - ասաց պրն Թալվեթիեն:

Այսօր հրավիրած ասուլիսում նա անդրադարձավ նաեւ ԼՂ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԵՄ-ին մեր երկրի անդամակցության խնդիրներին:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը, պրն Թալվեթիեն ասաց, որ ընդամենը 3 ամիս է, ինչ Ադրբեջանն ունի նոր նախագահ: «Սա բավարար ժամանակ չէ, որ ինքն իրեն հաստատի, նա ավելի խոշոր հարցեր ունի օրակարգում եւ մենք, ուրեմն, պետք է մի քիչ սպասենք», - նշեց ԵՄ ներկայացուցիչը:

Իսկ ինչո՞ւ է ԵՄ-ն ակտիվացրել իր ջանքերը ԼՂ հարցի առնչությամբ: «ԵՄ երկիր Ֆրանսիան համանախագահող է եւ ԵՄ-ն կուզեր օժանդակել եւ մեր օժանդակման ձեւն այն է, որ օգնենք համանախագահներին իրենց գործն անել»:

Թալվեթիեն ինքն էլ 2 տարի առաջ համանախագահող է եղել մեկ այլ կոնֆլիկտի լուծման հարցով եւ գիտի, թե ինչ դժվար է համանախագահ լինելը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Վելայաթ Գուլիեւի այն հայտարարությանը, թե համանախագահներն իրենց շահերն են հետապնդում տարածաշրջանում, Թալվեթիեն ասաց, որ հասկանում է Ադրբեջանի հուսահատությունը: Բայց «քննադատությունը բավականին խիստ է»:

Հայաստան - Թուրքիա հարաբերություններում, նրա կարծիքով, ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ, որը նա անվանեց հուսալի: Իսկ ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը: «Հայաստանը եւ Թուրքիան քննարկում են նոր առիթներ եւ ես հույս ունեմ, որ սա կհանգեցնի նոր արդյունքների», - ահա այսպիսի դիվանագիտական պատասխան տվեց ԵՄ ֆինլանդացի ներկայացուցիչը:

Վերջինս նաեւ նկատեց, որ Հայաստանը ԵՄ-ի համար ներկայացնում է նույն հետաքրքրությունը, ինչ Վրաստանը եւ Ադրբեջանը: Նա բացառեց, որ ապագայում հնարավոր կլինի առանձին կարեւորությամբ դիտարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի սրտով չէր այս նկատողությունը: Նա ասաց, որ ժամանակին այդ հավասարությունը ի վնաս մեզ աշխատեց. «Մենք մի քանի քայլ առաջ էինք Ադրբեջանից մեր ժողովրդավարական ինստիտուտներով, բայց սպասեցինք, նրանք եկան հավասարվեցին մեզ եւ մենք միասին մտանք Եվրախորհուրդ»: