Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԷ

Քաղաքականություն

«Երեք տարվա ընթացքում Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել եւ ճիշտ ուղու վրա է»,- ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ընդունելով, որ կան խնդիրներ, առաջին հերթին դեմոկրատական ընտրությունների անցկացումը, սակայն դրանք բնորոշ են ետխորհրդային բոլոր երկրներին:

Նա մանրամասն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ նրա, 2001 թվականին՝ Հայաստանի Եվրախորհրդին անդամակցելիս ԼՂ-ի մասին ձեւակերպումներն ավելի հավասարակշռված էին, իսկ հետո դրանք փոխվեցին: «Մոնիտորինգի ոչ մի խումբ Ղարաբաղում չի եղել: Այս խնդրով պետք է զբաղվել կամ լրջորեն, կամ թողնել, որ նրանով զբաղվի այն կառույցը, որ փորձ ունի, օրինակ ԵԱՀԿ-ն: Վերջինս հասկանում է, որ շատ վտանգավոր է կտրուկ քայլեր կատարելը»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա, ղարաբաղյան խնդիրն այժմ փորձում են ներկայացնել, որպես հայ-ադրբեջանական: Մինչդեռ Հայաստանը ներկայացնելով որպես հակամարտության կողմ՝ ղարաբաղյան խնդիրը մղում են երկրորդ պլան, եւ ըստ պրն Ռուստամյանի, Հայաստանի վրա դրվում է պարտավորություն, որ ինքը չի կարող լուծել եւ իրավունք էլ չունի: