Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է

Քաղաքականություն

Ադրբեջանի վերաբերյալ քննարկումների ժամանակ ելույթ ունեցողներից մեկը նկատեց , որ շատ դժվար է կատարել ԵԽ բոլոր պահանջները. դրա համար երբեմն ոչ միայն քաղաքական կամք ու որոշում է անհրաժեշտ, այլ մենթալիտետի փոփոխություն, ընդ որում` ողջ հասարակության:

«Բայց քաղբանտարկյալների ազատության համար շատ բան պետք չի` միայն քաղաքական կամք»,- նկատեց պատգամավոր Ատկինսոնը` ավելացնելով. «Եթե մենք ժամանակին ասեինք, որ այս երկրները Եվրոպա չեն, չեն կարող լինել ԵԽ անդամ, դեմքով շրջվեինք, ապա հիմա նրանք կապրեին անցյալում: Ադրբեջանի մասին մենք հիմա տխուր բաներ լսեցինք, բայց մեր գործընկերը, որը դարձավ երկրի նոր նախագահը, պիտի ինքն իրեն հնարավորություն տա կատարելու պարտավորությունները»:

Ադրբեջանի պատվիրակությունից Հաջիեւը զգացմունքային ելույթ ունեցավ. «Ես Ադրբեջանի քաղաքացի եմ, եւ ես ուզում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ լավ լինի: Բայց չէ՞ որ մեր երկիրն այլ խնդիրներ էլ ունի: Մենք ունենք գրավյալ տարածքներ, փախստականների խնդիր: Ես ուզում եմ, որ չլինեն քաղբանտարկյալներ, բայց նաեւ ուզում եմ, որ հաջորդ անգամ քննարկվեն նաեւ այլ հարցեր` գրավյալ տարածքների, փախստականների»:

Բուլղարացի պատգամավորներից մեկը առաջարկեց մինչեւ սեպտեմբեր լուծել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը` հակառակ դեպքում առաջ է գալիս Ադրբեջանի ԵԽ անդամությունից զրկելու հարցը:

Ադրբեջանի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում էին պաշտպանվել: «Մենք ձեր օգնությամբ կանենք: Մեծ աշխատանք կանենք, մենք ունենք քաղաքական կամք, ուզում ենք շարժվել ժողովրդավարության ճանապարհով: Այս քննարկմանը մեզ համար հեշտ չէ, մենք լսեցինք շատ կոշտ գնահատականներ: Քաղբանտարկյալներն իրոք անընդունելի են, բայց մենք կաշխատենք, մեր ամբողջ ժողովուրդն է ուզում լինել ԵԽ կազմում եւ գործող նախագահը հայտարարել է, որ կկարողանա կամք դրսեւորել»,- համոզում էր պատգամավոր Սեիդովը:

Այս ելույթը չհամոզեց , օրինակ` ֆրանսիացի մի պատգամավորի: «Մենք չենք կարող այդքան հանդուրժող լինել, երբ կարծում ենք, որ իրականում այդքան շատ խնդիրներ կան` խոսքի ազատության սահմանափակում,խոշտանգումներ, ընտրական խախտումներ, քաղբանտարկյալներ: Դա անընդունելի է դեմոկրատական երկրի համար: Ադրբեջանի իրավիճակն է անընդունելի: Մենք պիտի կոչ անենք ու պահանջենք փոխել աշխատանքի ոճը: Մեզ ասում են,որ պիտի նոր հնարավորություն տանք նոր նախագահին. երեք ամիսը բավական ժամանակ էր...»,- անհողդողդ էր ֆրանսիացի ներկայացուցիչը: