Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ

Սպորտ

Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը` գլխավոր մարզիչ եւ նախագահ Արկադի Անդրեասյանը, փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը եւ գլխավոր հովանավորներից մեկը` ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը:

Նրանք տեղեկացրեցին, որ մեծ ցանկություն ունեն մասնակցելու Հայաստանի 2004թ. բարձրագույն խմբի առաջնությանը, բայց եթե ՀՖՖ-ն վերջնականապես որոշի, որ «Արարատին» թույլատրվում է հանդես գալ միայն 1-ին խմբում, ապա ակումբը կհամաձայնվի:

Գագիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ առաջնության հայտ ներկայացնելու նամակը դեկտեմբերի 15-ին օբյեկտիվ պատճառներով է ուշացվել, որի համար իրենք հետագայում բացատրություն են տվել ՀՖՖ-ին:

«Արարատ» ակումբի ղեկավարների գլխավոր դժգոհությունը այն էր, որ իրենց առաջատար 3 ֆուտբոլիստներին ՀՖՖ-ն ազատ խաղացողի կարգավիճակ է տվել, որից հետո նրանք տեղափոխվել են «Փյունիկ»:

Իսկ Հրաչ Կապրիելյանն այս ամենից զայրացած դեկտեմբերի 10-ին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին նամակ է գրել, որտեղ վիրավորել է ՀՖՖ-ի նախագահին եւ գործկոմի անդամներին: Բացի այդ Կապրիլեյանը ՀՖՖ-ին դատի է տվել ՖԻՖԱ-ի դատարանում:

Այնուամենայնիվ, «Արարատի» հովանավորը պատրաստ է դատական հայցը ետ վերցնել, եթե թիմից հեռացած ֆուտբոլիստնրի դիմաց իրենց փոխհատուցում տրվի:

Այս խճճված իրավիճակը հարթելու համար լրագրողները որոշեցին խնդրանքով դիմել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայարապետյանին, որպեսզի նա հանդիպի Հրաչ Կապրիլեյանի հետ եւ հարցը դրական լուծում ստանա, այսինքն մեր բոլորի կողմից սիրված «Արարատը» կրկին հանդես գա բարձրագույն խմբում: