Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՖՈՒՏԲՈԼ

Սպորտ

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան:

Վերջինիս կարծիքով, «Փյունիկի» ձախողումը ԱՊՀ եւ մերձբալթյան երկների գավաթի խաղարկությունում օբյեկտիվ պատճառներ ունի: Ըստ նրա, հայկական ակումբը Մոսկվայում հանդիպումները անցկացրել է արհեստական խաղադաշտերում, մինչդեռ Հայաստանում նման պայմաններ չկան, որպեսզի հնարավոր լիներ նորմալ նախապատրաստվել:

Զարմանալի էր , բայց Ստոյկիցան կցանկանար , որ Հայաստանի առաջնությունը անցկացվեր 8-ից քիչ թիմերի մասնակցությամբ. «Ինձ համար հաճելի չէ, երբ «Փյունիկը» հաղթում է բոլոր մրցակիցներին»:

Միաժամանակ Ստոյկիցան խոստովանեց, որ «Փյունիկի» ներկայիս կազմով հնարավոր չէ միջազգային ասպարեզներում լուրջ խնդիրներ լուծել, ուստի ակումբի ղեկավարությունը մինչեւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի սկիզբը պատրաստվում է հրավիրել 3-4 փորձառու ֆուտբոլիստների:

Այնուհետու ռումինացի մարզիչը անրադարձավ Ամստերդամում որոշված Հայաստանի հավաքականի 2006թ. առաջնության ընտրկան փուլի խաղացանկին: Ստոյկիցան նշեց, որ բանակցությունների ընթացքում Չեխիայի, Հոլանդիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները միավորվել էին եւ ուզում էին առաջ քաշել իրենց հարմար տարբերակը, այսինքն սկզբում հանդիպել թույլ թիմերի հետ: Ի վերջո , կողմերը ընդհանուր հայտարարի են եկել վիճակահանության միջոցով:

Հավաքականի մարզիչը հասկացրեց, որ այսպիսի բարդ խմբից աշխարհի առաջնություն դուրս գալը անչափ դժվար կլինի, բայց ամեն դեպքում իր նպատակը խմբում մրցանակային տեղ գրավելն է:

«Մենք ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք այս շրջափուլում հնարավորություն ունեն պաշտոնական 12 խաղ անցկացնել: Եթե այսօրվանից լուրջ աշխատանք կատարենք, բոլոր տարիքային հավաքականներում, ապա մոտ 10 տարի հետո Հայաստանը կունենա իսկապես բարձրակարգ ֆուտբոլ: Ես այսպիսի եզրակացության եմ եկել այստեղ աշխատած 1 տարվա ընթացքում: Սա է իրականությունը, որը ես չեմ կարող թաքցնել», - ասաց Ստոյկիցան: