Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կախում չունենալ Օբամայի մի խոսքից (տեսանյութ)

Հասարակություն
ed2d263b207ff9df86c33279c5a7b080

«Այսօր, երևի, երկնային տիրոջ կամքով է, որ համընկել է մեր ազգի սգո օրն ու Սուրբ Զատիկը: Հաստատ Աստծո մատը խառն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 60-ամյա Ժոռա Չատոյանը, որն այսօր թոռան հետ եկել էր անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրա կարծիքով` աշխարհը մի օր ճանաչելու է 1915թ.-ի Հայոց Ցեղասպանությանը փաստը, սակայն ըստ նրա` դրան կնպաստի միայն մեր համազգային միասնական ուժը. «Չէ որ ի վերջո ուժն է ծնում իրավունք»:

Թագուհի Մակարյանը, որը Ցեղասպանություն վերապրածի ժառանգ է, կարծում է, որ ժամանակն է եկել, որ հայ ժողովուրդը դուրս գա 96-ամյա դառը վիճակից եւ կարողանա աշխարհին այնպես բացատրել, ներկայացնել մեր անցյալի այս ցավալի էջը, որ աշխարհն ի վերջո սթափվի ու ընդունի ոճրագործության փաստը: «Ցեղասպանության ճանաչմանը կպաստի մեր համախմբվածությունը, պայքարը, դա է մեր միակ փրկությունը,- ասաց նա` ավելացնելով, որ այսօր տոնի եւ սգո օրվա համընկնման մեջ երկնային ինչ-որ բան կա,-Ինձ թվում է` մենք հասել ենք վերջնակետին ու կլինի ճանաչումը»:

Պատմաբան Էդգար Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ հանցագործության անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ: «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դեռեւս չի ստացել իր արժանի ճանաչումը եւ դատապարտումը: Չնայած 21-րդ դարասկզբին թուրքական հասարակության մեջ առաջին ճեղքերը եղան, եւ ապրիլի 24-ը թուրքական մի շարք քաղաքներում փոքր հանրության կողմից նշվելու է»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, ապա պատմաբանի կարծիքով` շատ լավ կլիներ, եթե նա կատարեր իր խոստումը եւ հերթական անգամ չխաբեր հայությանը. «Սակայն մենք չպետք է մեր ամբողջ ցանկությունները կապենք, կախված լինենք Ամերիկայի նախագահի մի խոսքից. մենք առաջին հերթին պետք է լինենք ուժեղ, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն: Ցավոք սրտի, ցեղասպանության ճանաչումը երբեմն մեծ քաղաքականության մեջ դարձել է առքուվաճառքի, տարբեր հարցերում զիջել-չզիջելու առարկա, ինտրիգների առարկա: Մենք նաեւ պետք է ուժեղ լինենք, որ դրա հետեւից չընկնենք»:

Նա վստահ է, որ մենք չպետք է շատ էմոցիոնալ վերաբերվենք դրան եւ լինենք ավելի սառնասիրտ ու ուժեղ, թույլ չտանք, որ մեր համազգային ողբերգությունը օգտագործվի, շահարկվի միջազգային տերությունների կողմից: «Դրա փոխարեն մենք պետք է ավելի հզորացնենք մեր պետությունը, Սփյուռքի հետ միասնական հասնենք նրան, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, եւ մեր ողբերգությունը ճանաչի որպես իրողություն»,- ընդգծեց Էդգար Հովհաննիսյանը:

Անմար կրակի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ: «Մենք` հայերս բավականին ուժեղ ենք ու գնալով պետք է ավելի ուժեղանանք, որ ոչ թե գերտերությունների վրա մեր հույսը դնենք, որ նրանք ճանաչեն, այլ մենք ստիպենք, հենց Թուրքիային, որ ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- ասաց ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Վահե Մովսիսյանը` համոզմունք հայտնելով, որ շատ կարճ ժամանակահատվածում կհասնենք նրան, որ ամբողջ աշխարհը ճանաչելու է Մեծ եղեռնը: