Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դելֆիններին օգտագործելու են բուժելու նպատակով (տեսանյութ)

Հասարակություն
453cab0bdf8604954eb89348a65b8ca1

Այսուհետ հայ մանկավարժները հնարավորություն կստանան ծանոթանալ ոչ ավանդական մեթոդ համարվող եւ աշխարհում լայն կիրառում գտած դելֆինաթերապիայի բուժիչ մեթոդներին: Մասնագետները վստահեցնում են, որ դելֆինաթերապիան թույլ է տալիս շտկել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների խնդիրները:

Հայ մանկավարժներին բուժման մեթոդներին ծանոթացնելու համար Երեւան են ժամանել ուկրաինացի մասնագետները: Իսկ մինչ այդ այսօր ուսումնական ծրագրի վերաբերյալ պայմանագիր կնքեցին Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական եւ Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանների, ինչպես նաեւ Ուկրաինայի Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ազգային-բժշկական ակադեմիայի ներկայացուցիչները:

Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ազգային-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Անատոլի Չուպրիկովը, վկայակոչելով դելֆինաթերապիայում ունեցած իր գործնական փորձը, նշեց, որ երեխաների մոտ անսպասելի փոփոխությունները տեսնելով` արդեն մի քանի տարի է կողմնակից է այս մեթոդին: «Եվ գտնում եմ, որ ընդհանուր բուժիչ համակարգում` բժիշկներ, մանկավարժներ, ատրակցիոն հոգեբանները միասին կարող են օգնել նման խնդիրներով երեխաներին, որոնց թիվն, ի դեպ, ողջ աշխարհում ավելի ու ավելի է դառնում»,- ասաց նա:

Ի դեպ, մինչ այս պայմանագրի կնքելը Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության մագիստրանտներն արդեն իսկ երեխաների հետ դելֆինաթերապիայի փորձեր էին կատարել:

ԵՊՄՀ հատուկ մանկավարժության ամբիոնի ասիստենտ, ն/դ սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի փոխդեկան Թերեզա Ազատյանի խոսքերով` արդյունքներն արդեն իսկ նկատելի են: Սակայն նա ավելացրեց, որ ամեն դեպքում այն չի կարող հանդիսանալ որպես հիմնական շտկման միջոց: «Դելֆինաթերապիան հանդիսանում է ուղղորդիչ, օժանդակ միջոց երեխաների կորեկցիոն աշխատանքների ընթացքում եւ չի կարող հիմնական բուժիչ մեթոդ կիրառել»,- ասաց Թերեզա Ազատյանը: Նա նկատեց, որ մեթոդը կիրառում են աուտիզմով, օլիգոֆրենիայով եւ մանկական ուղեղային կաթվածի դեպքում:

Պայմանագիր կնքողներն էլ խոստովանեցին, որ բուժման կուրս անցնելը բավականին թանկ է, չնայած որ արդյունքների վրա չեն կասկածում: Բուժման մեկ սեանսի գինը` 25-30 րոպեն` արժե 20.000 դրամ: