Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՍԿԱՆՅԱՆԸ 2003Թ. ԳՆԱՀԱՏԵՑ ԴՐԱԿԱՆ

Քաղաքականություն

«Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը Հայաստանի հետ պրոբլեմ չունեն», - այսօր վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ նույնը չի կարելի ասել մեր հարեւան երկու պետությունների մասին:

Ըստ նրա, Ադրբեջանի եւ Վրաստանի ապագան անորոշ է. «Հայտնի չէ, թե այս երկրների նորընտիր երիտասարդ նախագահները ինչպիսի քաղաքական կուրս կընտրեն»:

Իսկ ինչու՞ է ԱՄՆ-ն առավել խոշոր ֆինանսական եւ տնտեսական օժանդակություն խոստանում այս պետություններին՝ ի պատասխան այս հարցին՝ Վարդան Օսկանյանը լրագրողներին ու վերլուծաբաններին խորհուրդ տվեց «խորքը» նայել՝ավելացնելով. «Ո՞ր երկրում է ԱՄՆ-ն կառուցում իր ամենամեծ դեսպանատունը»:

Գնահատելով ՀՀ արտաքին քաղաքականությունը, պարոն Օսկանյանը նշեց, որ 2003թ. այդ առումով ակտիվ ու արդյունավետ տարի էր: Ու թեեւ գերտերություններն իրենց ուշադրությունն ավելի ուղղում են Ադրբեջանին ու Վրաստանին, ՀՀ ԱԳ նախարարը ասում է. «2003թ. ամրապնդվեց Հայաստանի հեղինակությունը որպես կայուն եւ հուսալի պետության ու գործընկերոջ»:

Նախարարը հպարտացավ, որ ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների «ջախջախիչ մեծամասնությունն Հայաստանն արդեն կատարել է», մնացածի կատարումն էլ կախված է սահմանադրական փոփոխություններից:

Նախորդ տարվա համար որպես ձեռքբերում Վարդան Օսկանյանը գնահատեց մահապատժի վերացումը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցումը:

ՀՀ արտաքին քաղաքականության պարտությունների մասին Վարդան Օսկանյանը գերադասեց լռել:

Ի դեպ, ԱԳ նախարարը անդրադարձավ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ 2003թ. շոշափելի արդյունք չարձանագրվեց, բայց նկատելի էր որոշ տեղաշարժ թուրքական կողմի մոտեցումներում. «Դեպքից-դեպք հնչող կոշտ հայտարարություններով հանդերձ, այնուամենայնիվ երկկողմ հարաբերությունների նորմալացումը թուրքական կողմից նույնքան ուժգնորեն չէր կապակցվում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, որքան նախկինում»:

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստանը հաստատակամ է առանց նախապայմանի շարունակելու Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների հաստատման գործընթացը:

Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ 2004թ.-ին հայ դիվանագետները ակտիվորեն զբաղվելու են տնտեսական հարցերով՝ «Հայաստանի տնտեսության բարձր տեմպերը պահպանելու համար»:

Դիվանագետները իրենց ջանքերը կներդնեն օտարերկրյա ներդրողներին հրապուրելու, ինչպես նաեւ տեղական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար: