Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՐԿԴՐՈՒՅՔԱՅԻՆ ՍԱԿԱԳԻՆՆ Է

Տնտեսություն

«Հայռուսգազարդ» ՓԲԸ տնօրեն Կարեն Կարապետյանի կարծիքով ամենարդյունավետը գազի սակագնի երկդրույքային տարբերակի կիրառումն է, որն իրենք առաջարկել են դեռեւս 2003թ. կեսերից, սակայն «ինչ-ինչ պատճառներով դա չանցավ եւ որոշվեց, որ սակագինը պետք է որոշվի հին կարգով»:

Ըստ իրենց առաջարկած երկդրույքային սակագնի` բնակչության համար առաջարկվում էր 1000 խմ դիմաց 51000 դրամ հաստատուն վճար, 1000-ից ավել ծախսելու դեպքում վճարի չափը իջնում էր, պակաս ծախսի դեպքում` աճում: «Հայռուսգազարդ»-ը պատրաստ էր այս սկզբունքը կիրառել նաեւ արդյունաբերության մեջ:

Կարեն Կարապետյանը նշեց, որ 1997թ. սկսած սակագնի խնդիրն, ըստ էության, փակ թեմա էր եւ ներկայումս դրական է, որ հարցը քննարկվում է:

Նա նշեց, որ առանց սակագնի բարձրացման անհնար է համակարգի շահագործումը, ներդրումների ապահովումը եւ անթույլատրելի է մեկի հաշվին մյուսի արդյունավետությունն ապահովել:

2004 թ. հունվարի 1-ի դրությամբ բնական գազից օգտվում է 186318 բաժանորդ՝ նախկին բաժանորդների 38,4%-ը, ընդ որում 2003թ. բաժանորդների թիվը ավելացել է մոտ 54000-ով:

2004 թ. նախատեսվում է ներկրել 1 մլրդ 300 մլն խմ գազ` 2003թ. 1 մլրդ 199 մլն փոխարեն: