Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՍՏԱԲԱՆՆ ԻՐ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՇՈՐԹԵԼ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ

Հասարակություն

ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

Արդեն գրեթե չորս տարի է, ինչ «Հայրենիքի դավաճանության» մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված արեւելագետ Մուրադ Բոջոլյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանում, եւ մոտ ապագայում դատարանը գործի ընդունելիության մասին վերջնական որոշում կկայացնի եւ կնշանակի դատական լսումների օրը:

Գործընթացի այս կարեւոր փուլում Մուրադ Բոջոլյանը մնացել է առանց իրավաբանական օգնության: Եվրոպական Դատարանում Բոջոլյանի հիմնական ներկայացուցիչը իրավաբան Արա Ղազարյանն է, սակայն ըստ ԵԴ կանոնակարգի` ՀՀ Կառավարությանը ծանուցվելու պահից նա իրավունք չունի գործը ներկայացնել Եվրոդատարանում` այն պարզ պատճառով, որ չունի փաստաբանի արտոնագիր: «Եվ ՀՀ Կառավարությունը, որը այս մասին տեղյակ էր գործի սկզբնական փուլից, չգիտես ինչու որոշեց հենց հիմա այս մասին հայտարարել, մինչդեռ գործը Կառավարությանը ծանուցվել է 2005 թ. հոկտեմբերի 6-ին»,- Ա1+ին ասաց Մուրադ Բոջոլյանի կինը` Լյուդմիլա Բոջոլյանը:

Ինչեւէ, Բոջոլյանների ընտանիքը այսօր փորձում է գտնել վստահելի փաստաբանի, որը ծանոթ է ԵԴ կանոնակարգին, Եվրոպական նորմերին եւ տիրապետում է ԵԴ պաշտոնական լեզուներից մեկին: Բոլոր փաստաբանները, որոնց դիմել են Բոջոլյանները, տարբեր պատճառաբանություններով մերժել են նրանց: «Այս պատասխանատու պահին Մուրադ Բոջոլյանը մնացել է առանց իրավաբանական օգնության»,- ասաց նրա կինը:

Տիկին Բոջոլյանը, խորհրդակցելով մի շարք իրավաբանների հետ, պարզել է, որ ըստ ԵԴ Կանոնագրքի 36 հոդվածի 4ա կետի. «Դիմումատուի ներկայացուցչությունն իրականացվում է մի անձի կողմից, որը փաստաբանական գործունեությամբ է զբաղվում Կոնվենցիայի մասնակից պետություններից մեկում եւ մշտապես բնակվում է այդ պետություններից մեկում, կամ մեկ այլ անձի կողմից, որին կհաստատի Պալատի Նախագահը»:

Արա Ղազարյանն իրավունք ունի ներկայացնել իր պաշտպանյալի շահերը ԵԴ-ում, եթե ԵԴ Պալատի նախագահը հաստատի իր թեկնածությունը: «Սակայն ՀՀ Կառավարությունը, որը ամեն կերպ փորձում է «վերականգնել արդարությունը» եւ թույլ չտալ խախտել Եվրոպական Դատարանի կանոնակարգը, կարծես թե տեղյակ չէ մեկ այլ խախտողի մասին»: Տիկին Բոջոլյանը մեզ տեղեկացրեց, որ դեռեւս 2005 թ-ի ամռանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Սառա Մյուռելի խորհրդով գործին ներգրավվել է փաստաբան Նարինե Գասպարյանը. «Գասպարյանը ուրախությամբ համաձայնեց վարել Մուրադ Բոջոլյանի գործը, սակայն, թերեւս անփութության պատճառով, «մոռացել էր» ինձ զգուշացնել, որ պատրաստվում է ամուսնանալ հակառակորդ ճամբարի աշխատակցի հետ: Մեր ունեծաց տեղեկություններով Նարինե Գասպարյանի ամուսին Արման Ալոյանը այդ պահին աշխատակցում էր ԵԴ-ի ՀՀ Կառավարության ներկայացուցչությանը, որը որպես իրավաբան ՀՀ Կառավարության անունից պատասխանում էր ԵԴ գործի վերաբերյալ հարցումներին:

Այս մասին ես տեղեկացել եմ միայն վերջերս, իսկ Նարինե Գասպարյանը պարտավոր էր այս մասին տեղյակ պահել ինձ: Լավագույն դեպքում նրա այդ քայլը ես կարող եմ անփութություն դիտարկել: Ըստ ՀՀ Փաստաբանների պալատի կողմից հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի հոդված 16-ի, «փաստաբանը իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, եթե տվյալ գործով մասնակցող պաշտոնատար անձանց հետ գտնվում է ազգակցական կապերի մեջ»: Եվրոպական Դատարանը, ինչպես միշտ, Բոջոլյանի գործով եւս առաջարկել էր դիմումատուին իրավաբանական դրամական օգնություն հատկացնել, եւ դիմումատում ընդունել է այդ առաջարկը:

«Քանի որ այդ պահին Ն.Գասպարյանը հանդիսանում էր ԵԴ-ում Մ. Բոջոլյանի ներկայացուցիչներից մեկը, նա առաջարկեց ԵԴ-ին իր բանկային հաշիվը տրամադրել, որպեսզի գումարն այնտեղ փոխանցվի: Բոջոլյանը համաձայնվեց, եւ այդպես էլ արեցին: Սակայն շուտով անսպասելիորեն, առանց որեւէ պատճառաբանության, Ն.Գասպարյանը խզեց իր պայմանագիրը Բոջոլյանի հետ: Դրանից հետո մենք բազմիցս հարցրել ենք Նարինե Գասպարյանին, արդյոք նա թջ՞ ստացել գումարը, եւ բացասական պատասխան ստացել: Վերջապես, մի քանի ամիս անց, անհանգստացած գումարի ճակատագրով, մենք որոշեցինք դիմել ԵԴ, եւ պարզվեց, որ գումարը փոխանցվել էր Գասպարյանի բանկային հաշվին` պայմանագիրը խզելուց մեկ ամիս անց»:

Ի վերջո, Բոջոլյանի ներկայացուցիչներին հաջողվել է Նարինե Գասպարյանից ստանալ փոխանցված գումարը: «Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, նա այդ գումարը փոխանցել է ՀՀ Կառավարության կողմից Արա Ղազարյանի վերաբերյալ ԵԴ նամակ ուղարկելու հաջորդ իսկ օրը: Ես չեմ պատրաստվում լռել Նարինե Գասպարյանի արարքների մասին: Այդ մասին տեղեկացնելու եմ ՀՀ-ում գործող տեղական եւ միջազգային հասարակական բոլոր կազմակերպություններին, Եվրոպական երկրները ՀՀ-ում ներկայացնող դեսպաններին, Նարինե Գասպարյանի հետագա նման արարքները կանխելու համար»,- ասաց Մուրադ Բոջոլյանի կինը: Ի դեպ, Մուրադ Բոջոյանը ԱԱԾ-ում գտնվելու ընթացքում 2 տարի առաջ սրտի կաթված է ստացել եւ նրա առողջական վիճակը մինչ օրս շարունակում է մնալ որ բավարար: