Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԱԿՑԵ՞Լ, ՉԵ՞Ն ԲԱՆԱԿՑԵԼ

Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը բավական հետաքրքիր հայտարարություններ է անում այն մասին, որ հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Վիլայաթ Գուլիեւի տարածած տեղեկատվության համաձայն նա գոհ է մնացել այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից:

Յուրի Մերզլյակովն իր հերթին հերքում է վերոնշյալ լուրերը եւ հայտարարում է, որ Վիլայաթ Գուլիեւի հետ ոչ մի հանդիպում չի եղել եւ վերջին անգամ նա եղել է Ադրբեջանում, երբ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները դեկտեմբերի սկզբին այցելեցին տարածաշրջան:

Հակասական եւս մեկ հայտարարություն է հնչում հարեւան երկրում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հավաստիացնում է, որ տեղեկություն չունի Ադրբեջանում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ բանակցությունների մասին:

Ըստ դեսպանի, բանակցությունները տարվում են այլ ծրագրերի շուրջ: Մասնավորապես, տնտեսության, ուսանողների փոխանակման բնագավառում:

Ի դեպ, ամերիկա-ադրբեջանական համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԱՄՆ-ն այս տարի հատկացրել է 33 մլն. դոլար: Այդ թիվը 3 միլիոն դոլարով ավելին է, քան հատկացված է եղել 2002 թվականին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն իր հայտարարություններում համոզված է միայն, որ ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ: