Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՉԻ ՓՈՓՈԽՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ

Տնտեսություն

Այս որոշումը, սակայն, չի նշանակում, որ գազի սակագինը ընդանրապես չի փոխվի: Պարզապես, նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ներկայումս գլխավորած Բնական Մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշեց հետաձգել հարցի քննարկումը մինչեւ 2004 թվականի հունվարի 9-ը:

Որոշումը բավական անսպասելի էր, քանի որ Հանձնաժողովն ունեցել է ուղիղ 90 օր ժամանակ` գազի սակագնի փոփոխության հարցը մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Նիստի սկզբում Ռոբերտ Նազարյանը եվ Հանձնաժողովի որոշ անդամներ նույնիսկ պնդում էին, որ որոշումը արդեն հնարավոր է կայացնել:

Տվյալ դեպքում Ռոբերտ Նազարյանը նույնիսկ հակված էր «չնեղացնել» սպառողներին: Ուղիղ մեկ ժամ աշխատելուց հետո, սակայն, Հանձնաժողովի աշխատանքային սցենարը փոխվեց. տրամադրությունների փոփոխությունը տեւեց ընդամենը երկու րոպե, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահի տեղակալը հասցրեց քվեարկությունից առաջ խնդրել ընդմիջում, հետո ինչ-որ բան շշնջաց Ռոբերտ Նազարյանի ականջին, ինչից հետո էլ որոշվեց գազի սակագնի բարձրացման հետ կապված քվեարկությունը հետաձգել, մինչեւ «Հայռուսգազարդ» ընկերությունը նոր հիմնավորումներ ներկայացնի Հանձնաժողով, թե ինչու է ցանկանում փոփոխել գազի սակագինը:

Այդ որոշումից հետո Ռոբերտ Նազարյանը հայտարարեց նաեւ, որ հակված չէ ընդունել այնպիսի որոշում, որը հետագայում ծանր վիճակի մեջ կդնի տնտեսությունը: «Հայռուսգազարդ» ընկերության առաջարկած սակագներով ենթադրվում է. ամսական մինչեւ 10 000 խորանարդ մետր սպառողներից վարձավճարները գանձել 51 000 դրամ, իսկ 10 000 խորանարդ մետրից ավելի սպառողներից 79,1 դրամով:

«Հայռուսգազարդ» ըներությունում պնդում են, որ 3 տոկոսից պակաս շահույթով աշխատելու իմաստ չեն տեսնում: Ի դեպ, ներկայումս էներգահամակարգն աշխատում է 17 տոկոս շահույթով եւ «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը այդ թիվը իրենց համար էլ համարում ընդունելի: