Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միրզախանյանը` ռեկտոր

Հասարակություն
7c56b7046aeeb290ac0a5312ff061c6d

20 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց Ռուբեն Միրզախանյանը:

Նա այս պաշտոնի միակ հավակնորդն էր: Օրենքով նախատեսված ժամկետում որեւէ այլ հավակնորդ չէր դիմել:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը վարում էր խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի օրակարգային միակ հարցը ռեկտորի ընտրությունն էր:

Բայց մինչ ընտրությունը խորհուրդը քվեարկությամբ հաստատեց 2010 թվականի հաշվետվությունը: Խորհրդի անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հետաքրքրում էր, թե արդյոք հնարավո՞ ր է Համալսարանի 2011 թվականի բյուջեն ընդլայնել եւ բարձրացնել դասախոսական կազմի աշխատավարձը: Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը տեղեկացրեց,որ ընթացիկ տարվա բյուջեն հնարավորություն է տալիս, եւ ինքն արդեն նախատեսել է մինչեւ հունիս 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, չնայած այն հանգամանքին, որ այս տարի 75-80 տոկոսով դիմորդների թիվը պակաս է լինելու` կապված 12 ամյա կրթության անցնելու փաստի հետ:

Խորհրդի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե արդյոք վերանայվելո՞ւ է Մանկավարժական համալսարանում ուսուցանվող առարկաների ցանկը, քանի որ ինքը ստացել էր մի նամակ, համաձայն որի Մանկավարժականի շրջանավարտը, որը մասնագիտացել է «Կերպարվեստի պատմություն եւ տեսություն» առարկայի մեջ, այսօր գործազուրկ է, որովհետեւ դպրոցական ծրագրում նման առարկա ընդհանրապես գոյություն չունի:

Ռուբեն Միրզախանյանը խոստացավ անպայման վերանայել մասնագիտությունների ցանկը, բայց ոչ թե առանձին առարկաներ վերացնելու, այլ դպրոցական, կրթական ծրագրերին համապատասխանեցնելու առումով: Բացի այդ, նա կարեւորեց միջազգային չափանիշների կիրառումը մեզանում, բայց անպայման ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով, որպեսզի դրանք իրապես կիրառվեն, ոչ թե ձեւական բնույթ կրեն:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Մանկավարժական համալսարանում ուսուցանվում է 47 մասնագիտություն, բայց շատ մոտ ապագայում կավելանա եւս մեկը` Կրթության կառավարում: Նաեւ տեղեկացրեց, որ ընդունելություն կկատարվի հեռակա մագիստրատուրայում`180 տեղ, մագիստրատուրայում` 120 տեղ, երբ կտրվի նոր նմուշի  դիպլոմ` միաժամանակ տնտեսագիտականի եւ մանկավարժական համալսարանի` 60/60:

Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը համառոտ ներկայացրեց 2011 թվականի բյուջեն եւ ծրագիրը: Վարչապետն առաջարկեց ծրագիրը լրամշակել աշխատանքային խմբում, որի քարտուղար ընտրվեց կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Ապա տեղի ունեցավ ռեկտորի ընտրությունը, որին չմասնակցեց խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, պատճառաբանելով, որ չի սիրում մասնակցել ձեւական միջոցառումների:
«Բոլորին պարզ է, որ ռեկտոր է ընտրվելու միակ թեկնածուն`Ռուբեն Միրզախանյանը եւ ես չեմ ուզում փչացնել իր հարաբերությունները պարոն Միրզախանյանի հետ»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Միրզախանյանը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով նորընտիր ռեկտորին, շնորհակալությունները փոխանցեց նախորդ ռեկտորին` իր գործունեության համար: Անահիտ Բախշյանն «Ա1+»-ին ցույց տվեց իր թղթապանակում գտնվող Աշխատանքի տեսչության ստուգումների արդյունքների մասին փաստաթուղթ, որը վկայում էր նախորդ ռեկտորի գործունեության ստուգման արդյունքում հայտնաբերված 18 խախտումների մասին: «Եվ դրա համար են շնորհակալություն հայտնում»,-տարակուսեց Անահիտ Բախշյանը:

Ռեկտորի շնորհավորական խոսքերով էլ ավարտվեց խորհրդի նիստը: