Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ

Քաղաքականություն

Ղարաբաղի Ազատագրման ադրբեջանական կազմակերպությունը որոշել է 2004 թվականի մայիսի 8-ին խաղաղ երթ կազմակերպել: Բաքվի «525-րդ թերթ»-ի վկայությամբ այդ քայլով կազմակերպության անդամները փորձելու են լուծել մի հստակ խնդիր:

Կազմակերպության անդամները պահանջում են կիրառել բոլոր հնարավոր միջոցները «ազատագրելու» Հայաստանի կողմից «զավթված» ադրբեջանական տարածքները: Բացի այդ միջազգային կառույցներին կոչ է արվում ճանաչել Հայաստանն իբրեւ զավթիչ, հայ-ադրբեջանական սահմանում տեղակայել խաղաղարար ուժեր եւ հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից:

Ադրբեջանական վերոնշյալ կառույցի անդամները հայտարարում են, որ իրենց պահանջների չկատարման դեպքում իրենք կձեռնարկեն «հստակ քայլեր»: Պահանջների իրականացման համար ժամկետ է տրվել մինչեւ 2004 թվականի մայիսը:

Այս քայլերին զուգընթաց ՀՀ պաշտպանության Նախարար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարն իրականում մեծ չէ:

Սերժ Սարգսյանի գնահատմամբ Ադրբեջանում հնչող հայտարարությունները չեն համապատասխանում ադրբեջանական բանակի ներկայիս հնարավորություններին: