Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԱՅԺՄ ԿՅԱՆՔԻ ՆՈՐՄ ԵՆ»

Քաղաքականություն

Դեկտեմբերի 19-ին «Ազդակ» ակումբի հյուրն էր ԱԺ նախկին փոխխոսնակ, «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը, որն ամփոփեց անցնող քաղաքական տարին: Ըստ նրա՝ 2003թ. ընտրությունները կովկասյան քառյակի` ՌԴ-ի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի համար ընթացան գրեթե նույն կերպ` ժողովրդավարական նորմերի խախտմամբ, վարչական մեքենայի ապօրինի ճնշումներով, ընդդիմադիր ուժերի դուրս մղմամբ եւ միջազգային բացասական գնահատականները բոլորի համար նույնն էր:

Իր գնահատմամբ ոչ լեգիտիմ է ոչ միայն նախագահը, այլեւ` ԱԺ-ը եւ ներկայումս ՀՀ-ում չի գործում իշխանության բաժանման սկզբունքը: Վարչախումբը` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տիրում է իշխանության երեք թեւերին:

Նա նշեց, որ ԱԺ-ը օլիգարխների մասնակցությամբ վերածվել է փակ ակումբի: Մտահոգիչ է, որ օլիգարխներն ունեն իրենց «դրուժինաները», նույնիսկ... անձնական բանտեր եւ այն, որ Հայաստանի հատուկ մարմինները ծառայություններ են մատուցում նրանց` տրամադրելով գաղտնի տեղեկատվություն:

Արդյո՞ք այս համակարգի հիմքերը չեն գալիս դեռեւս 1993-1994թթ., Արա Սահակյանը հայտնեց, որ իրենց քաղաքական պատասխանատվությունը կա այս հարցում, իրենք հետեւողական չեն եղել բարեփոխումների հարցում եւ այդ ժամանակ նույնպես եղել են օրինախախտումներ եւ բացթողումներ, սակայն այժմ դա կյանքի նորմ է:

«Ազդակի» հյուրը նշեց, որ 1998թ. հունվարին Ղարաբաղի իշխանությունները ներկայացրել էին կարգավորման իրենց տարբերակը, որտեղ ԼՂՀ ուներ 8000 քառ.կմ, միջազգային լրցուցիչ երաշխիքներ եւ, իհարկե, դրա համեմատ այդ ժամանակվա Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը «պարտվողական» էր, իսկ ներկայումս մենք կարող ենք կորցնել նաեւ այն, ինչին հնարավոր էր հասնել 1998թ.:

Բանախոսի կարծիքով 2003թ. իշխանությունները հաջողություններ ունեցան սեփական բարեկեցությունը ժողովրդի հաշվին բազմապատկելու ճանապարհին: