Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Քաղաքականություն

Այսօր Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում քննարկվում էր տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած եւ կայանալիք ընտրությունները: Քննարկումների մասնակիցների թվում էին ինստիտուտի ղեկավարներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Վիգեն Չեթերյանը, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, «Նոյյան Տապանի» տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Ադրբեջանի նորընտիր նախագահն, ըստ Դավիթ Պետրոսյանի, ընդդիմության նկատմամբ արդեն վայրագություն ցուցաբերեց, եւ դրա անհրաժեշտությունը չէր լինի, եթե Իլհամ Ալիեւի իշխանությունն ավելի ամուր լիներ, նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր արդեն նրա վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա քննարկումների մասնակիցները կարծում են, որ հեղափոխությունն այնտեղ նախօրոք ծրագրված էր: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության դեպքում խոսքի ազատության մասին խոսք չի կարող լինել:

Այդ հեռուստաընկերությունը ուղղակի ուղեկցում էր Միխայիլ Սահակաշվիլիին, որը շրջում էր Վրաստանով եւ սեփական քարոզարշավը տանելու փոխարեն փորձում էր հայտնաբերել Շեւարնաձեի սխալները:

Իշխանափոխությունը հնարավոր դարձավ, քանի որ Շեւարնաձեն արդեն շուրջ երկու տարի է կորցրել է իշխանությունը: Բացի այդ, Վրաստանի պետականությունը թերի է, եթե ոստիկանությունը չկարողացավ պաշտպանել պետության խորհրդանիշը՝ Ազգային ժողովի շենքը, եւ ընդդիմությունը հեշտությամբ ներս մտավ, ավելացրեց Վիգեն Չեթերյանը:

Հունվարի 4-ի ընտրություններում հաղթելու է Սահակաշվիլին, չնայաց Ռուսաստանը դրան դեմ է, եւ Վրաստանի նոր իշխանությունները շահագրգռված են, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար, կեղծիքներ չլինեն, ավելացրին քննարկումների մասնակիցները: