Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԱՆՀԱՅՏ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ՝ ԱՆՀՈՒՍԱԼԻ

Քաղաքականություն

Հարավային Կովկասում նոր իրողությունների վերաբերյալ սեմինար էր կազմակերպել «Համաձայնություն» քաղաքագիտական եւ իրավական հետազոտությունների կենտրոնը՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: Սեմինարին անկախ փորձագետի կարգավիճակով հրավիրված էր Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու բլոկի ներկայացուցիչ, քաղաքագետ Իվլիան Խայնդրավան:

Վերջինս ներկայացրեց նախահեղափոխական Վրաստանը, այսօրվա Վրաստանը, սակայն դժվարացավ հստակ պատկերացնել եւ ներկայացնել Վրաստանի ապագան: Նա միայն նկատեց, որ այն ինչ եղավ՝ լավ եղավ, որովհետեւ դրանից վատ լինել չի կարող:

Պարոն Խայնդրավան բերեց Վրաստանի բյուջեի մի քանի տարվա պատկերը: Ըստ դրա, Վրաստանում բյուջեի կատարողական պիկը եղել է 1997 թվականին, երբ բյուջեն հասել է 456,6 մլն դոլարի: Դա, ըստ բանախոսի, եվրոպական պարկեշտ ֆուտբոլային թիմի բյուջե է:

Իվլիան Խայնդրավան նկատեց, որ անչափ շատ խնդիրներ կան Վրաստանում եւ նոր իշխանությունը չգիտի՝ ինչից սկսի եւ ինչ անի. նրան շատ ծանր աշխատանք է սպասվում: Հատկապես այն դեպքում, երբ ընդդիմությունը բոլորովին չէր սպասում իրադարձությունների նման զարգացում եւ պատրաստ չէր ստանձնել իշխանության դերը:
Ի դեպ, հետաքրքիր փաստ հայտնեց Խայնդրավան. ըստ նրա այսօր իշխանությունն ուզում է ունենալ ընդդիմախոսներ՝ ընդդիմություն, սակայն այդպիսիք չկան:

Հայաստան-Ադրբեջան-Վրաստան համեմատականով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը: Վերջինս ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի, միայն թե պահեն իրենց իշխանությունը, իսկ ընդդիմությունը թույլ է. այս պայմաններում ժողովրդավարությունը զգալի նահանջ է ապրում:

Վրաստանում, ըստ Դավիթ Շահնազարյանի, ընդդիմությունը կարողացավ վերադարձնել ժողովրդին ընտրելու եւ նաեւ սխալվելու իրավունքը: Դավիթ Շահնազարյանը նկատեց վրաստանյան առանձնահատկությունները. մասնավորապես, Վրաստանի ընդդիմությունը հանրահավաքների ժամանակ խոսում էր բացառապես Վրաստանի ապագայի մասին, եւ ոչ մի սոցիալական խնդիր չէր բարձրացվում, ոչ մի պոպուլիստական մոտեցում:

Ամենակրեւոր հանգամանքը Դավիթ Շահնազարյանը համարում է այն փաստը, որ Վրաստանի ընդդիմությունը ապացուցեց, որ ինքը իրական այլընտրանք է գործող իշխանությանը, իսկ Հայաստանում եւ Ադրբեջնում որպես իշխանությանը իրական այլընտրանք՝ քաղաքական հասունությամբ ու կենսափորձով լիդեր ընդդիմության շարքերում գոյություն չուներ:

Մյուս գործոնը՝ անկախ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գոյությունն էր, որն անընմեջ ուղիղ եթերում էր հրապարակից եւ ԱԺ-ից: Հայաստանում բոլոր հեռուստաընկերությունները վերահսկելի են: Հաջորդ կարեւոր գործոնն այն է, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը թույլ չի տալիս ասենք ԱԺ-ի խոսնակին լինել ընդդիմություն. մեզանում, որպես կանոն, կործանվող նավն են նստում, փոխանակ այն լքեն:

Այս 4 հանգամանքները նշելով Դավիթ Շահնազարյանը չնկատեց թերեւս ամենաէական գործոնը՝ Արեւմուտքի ակտիվ աջակցությունը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում բացակայում է։ Դավիթ Շահնազարյանը եզրափակեց հետեւյալ մտքով.

«Վրաստանում իշխանության են եկել դեմոկրատական ուժեր, բայց սա չի նշանակում, որ դեմոկրատիան Վրաստանում կայացել է»: