Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքի այցեքարտը (տեսանյութ)

Մշակույթ
bd42106a3331bffff36aef1171be5a57

Երևանը ոչ միայն 2793-ամյա պատմություն ունի որպես մայրաքաղաք, այլև բնակավայր է, որտեղ մարդը շարունակաբար ապրել է շուրջ յոթ հազարամյակ:

«Շենգավիթյան վերջին պեղումների արդյունքները»` առայժմ պայմանական խորագիրը կրող ցուցահանդեսը կկազմակերպի Երևանի պատմության թանգարանը, Էրեբունի-Երևան  քաղաքի հիմնադրման պատմության թանգարանի և պատմամշակութային հուշարձանների գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ` հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այն կբացվի Երևանի պատմության թանգարանի 80-ամյա հոբելյանի շրջանակներում:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի կարծիքով ցուցահանդեսը ոչ միայն մեր հասարակությանը, այլև աշխարհին է պետք ներկայացնել, և սա, թերևս, թանգարանի առաքելությունն է:

1931-ին, թանգարանը զբաղեցնում էր ընդամենը 2 սենյակ և ուներ 800 ցուցանմուշ: Իր պատմության ընթացքում շենքից-շենք տեղափոխվեց և ի վերջո 2006-ին հանգրվանեց Ջիմ Թորոսյանի նախագծած քաղաքապետարանի համալիր կառույցում:
Այսօր թանգարանը ունի 89 731 ցուցանմուշ:

Պահոցների և ցուցադրության հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, և եթե մինչ այս տարի կազմակերպված ցուցահանդեսների ու հրատարակած գրքերի ներկայացման հիմնական վայրը թանգարանն է եղել, ապա արդեն ժամանակն է ներկայանալ արտերկրում:

Ինչ վերաբերում է թանգարանի 80-ամյա հոբելյանին, համեմատաբար համեստ կնշեն: Փոխարենը կաշխատեն իրականացնել որոշակի ծրագրեր, որը նվեր կլինի և թանգարանին, և երևանցիներին: Այդ թվում ինտերակտիվ ցուցադրում, երբ այցելուն ոչ միայն կդիտի այլ մասամբ և մասնակիցը կլինի: Նաև փոքր կինոսրահ, որտեղ փաստա-վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն հին ու նոր Երևանի մասին:

Հունիսի երկրորդ կեսին նախատեսվում է հանդիսավոր հավաք, որի ընթացքում կցուցադրվի ֆիլմ` թանգարանի 80-ամյա պատմության ու գործունեության մասին:

Կբացվի ցուցահանդես «Երևանը հայ կերպարվեստում» թեմայով, կանցկացվի երրորդ գիտական նստաշրջանը նվիրված Երևանի հիմնախնդիրներին: