Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐԿՐՄԱՄԲ

Տնտեսություն

Պաշտոնական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բենզինի ներկրման մենաշնորհ ՀՀ-ում գոյություն չունի: Անընդհատ շահարկվող 1-2 ընկերությունների փոխարեն այդ բիզնեսով է զբաղվում 7-8 ընկերություն:

Այս տվյալներն այսօր ԱԺ-ում բերում էր Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Այդպիսով, նա փորձում էր նաեւ պատասխանել այն հարցին, թե պետությունում գոյություն ունի՞ բենզինի մաֆիա, թե՞ ոչ:

Քաղաքական որոշ գործիչների առաջարկին, որ բենզինն ու ցորենը ռազմավարական նշանակություն ունեն եւ հետեւաբար դրանց ներկրմամբ պետք է զբաղվի պետությունը` նաեւ այդ բիզնեսում ստվերայնությունը բացառելու նպատակով, հարկային պետական ծառայության պետի տեղակալը պատասխանեց, որ գնացքներով բենզինի մեծ քանակի ստվերային ներկրումը բացառված է:

Ստվերային ներկրում հնարավոր է այն դեպքում, երբ Իրանից բենզինով լիցքավորված բեռնատարները մտնում են Հայաստանի Հանրապետություն, իսկ այդ ստվերայնության ծավալը ըստ հարկային վարչության պետի տեղակալի շատ ցածր տոկոս է կազմում:

Ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դրան ի պատասխան ասաց. «Եթե դուք ասում եք, որ պետությունը չի կարող բերել (զբաղվել բենզինի ներկրմամբ), դա նշանակում է պետությունը կոռումպացված է»:

Այս տարվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում բենզինով նաեւ գազով աշխատող ավտոմեքենաների թվի աճ է գրանցվել: Ներկայումս բենզինով աշխատող ավտոմեքենաների թիվը 150 000-ից ավելի է եւ դրա հետ կապված Հանրապետություն ներկրված բենզինի ծավալն այս տարի աճել է 20 հազար տոննայով: