Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉԹԱՆԿԱՆԱ

Տնտեսություն

Չնայած այն փաստին, որ 2004 թվականի պետբյուջեի ուղերձում նշված է, որ որեւէ ձեռնարկությանը այլեւս չի տրվի հարկային արտոնություն, այնուամենայնիվ, մինչեւ հաջորդ տարվա բյուջեի հաստատումը խորհրդարանը քննարկեց մի շարք էներգաարտողդրող ձեռնարկություններին, այդ թվում նաեւ Ատոմակայանին արտոնություն հատկացնելու առաջարկը:

Ատոմակայանին հատկացվելիք արտոնությունը նախատեսվում է մի քանի տասնյակ միլիարդ դրամի սահմաններում: Որպեսզի պատգամավորները կողմ լինեն առաջին ընթերցմամբ ներկայացվող առաջարկությանը, նշվում էին կարեւորագույն փաստարկներ:

ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսեսյանի պնդմամբ ներկայացված արտոնությունները կարեւորագույն նախապայման են էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացման համար: Բացի այդ շահարկվում է այն փաստը, որ արտոնություններով նախատեսվում է սառեցնել որոշակի գումար, որի մեջ, ի դեպ, մտնում են տարբեր տարիներին բնակչության կողմից կուտակված վարձավճարները` օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց:

Ասվածը բավականին լուրջ ընդունեց Աժ նախագահը եւ միացավ պատգամավորների վրա ներազդելու գործընթացին. «Հիմա մենք պե՞տք է գնանք այս ճանապարհով, թե՞ չպետք է գնանք այս ճանապարհով: Այսինքն` թողնո՞ւմ ենք սակագները թանկանան, թե՞ չենք թողնում»:

Որպեսզի պատգամավորների որոշումը չհակասի օրենքին, մասնավորապես հաջորդ տարվա պետբյուջեի վերանշյալ ուղերձին, հարցի քննարկումն ու քվեարկությունը կազմակերպվեց պետբյուջեի քվեարկությունից առաջ: