Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը տարածքներ է հանձնո՞ւմ (տեսանյութ)

Քաղաքականություն
101ac938ff69415e5050b2c7b3473a23

«Ի՞նչ է դուք կարծում եք Աղդամն էլ է մեր հայրենիքը», -տարիների առաջ իր այս արտահայտությանը համարժեք հայտարարություն Սերժ Սարգսյանը արել է այսօր` «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Սերժ Սարգսյանն ասել է. «Ոչ ոք չի հերքում, որ այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ»:

 Ըստ նրա. «Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա վերահսկողությունն իրականցվել է անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»:

Ռուսական ռադիոկայանին տված հարցազրույցում պարոն Սարգսյանը նաեւ ասել է, որ Մադրիդյան սկզբունքներն իր համար ընդունելի են, եւ խնդիրը չի կարգավորվում միայն Ադրբեջանի պատճառով. «2007թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Սակայն գնալով Ադրբեջանն իր սեփական մեկնաբանություններն է տալիս այդ սկզբունքներին։ Երբ խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին՝ նրանք ասում են՝ այո՛, բայց միայն Ադրբեջանի կազմում։ Եվ երկրոդը՝ իբր ուժի չկիրառումը միայն այն դեպքում է, երբ պետությունը չունի գրավյալ տարածքներ։ Ամեն անգամ ուզում ես հիշեցնել, որ առաջին՝ 1994թ.-ին մենք ստորագրել ենք հրադադարի մասին պայմանագիր։ Առայժմ ոչ ոք չի փոխել դրանում ամրագրված դրույթները։ Նաև ուզում եմ ավելացնել, որ այն տարածքները, որոնք վերահսկվում են ղարաբաղյան բանակի կողմից, պարզապես հանդիսանում են ռազմական գործողությունների արդյունք, որոնք ղարաբաղցիները չեն սկսել»։

Նշելով, որ պատերազմն ամենաանցանկալի ճանապարհն է` Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է. «Բայց, անկեղծ ասած, մենք ընտրելու հնարավորություն չունենք, որովհետև հարցը խաղաղ ճանապարհով լուծելու միայն մեր ցանկությունը բավարար չէ։ Եթե այլ ճանապարհ չլինի, մենք կհայտնվենք 90-ականների սկզբի իրավիճակում։ Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք մեր ժողովրդի»:

Նա նաեւ հարկ է համարել հիշեցնել Արցախյան պատերազմից առաջ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները. «Ես շատ լավ եմ հիշում 1988-1994թթ. իրավիճակը, հիշում եմ, որ բոլորը խոսում էին այն մասին, թե մի քանի օր տևող լայնածավալ պատերազմի դեպքում ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ կխմեն, ինչ-որ մեկը Սևանում ոտքերն էր լվալու։ Փառք Աստծո, այդպես չեղավ։ Որովհետև մենք պաշտպանում էինք մեր հողը, մենք պաշտպանում էինք մեր տները, մեր ընտանիքները»։

Ընդգծելով, որ 1994թ.Ադրբեջանն ինքն է զինադադար խնդրել` Սերժ Սարգսյանն ասել է. «Դա արդեն այն բանից հետո էր, երբ 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև էր ընդունել, որոնք պահանջում էին անմիջապես դադարացնել ռազմական գործողությունները։ Եվ Ադրբեջանը դրանք չկատարեց, չնայած հիմա փորձում է ներկայացնել, թե իբր Հայաստանը չի կատարել այդ բանաձևերը։ Սակայն այն ժամանակ ամբողջ աշխարհին հայտնի էր, ես կարծում եմ՝ այժմ էլ մասնագետներին հայտնի է, որ դա մեզնից չէր կախված։ Մենք ընդամենը պաշտպանվողի դերում էինք։ Եթե Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի իշխանության ներքո, այնտեղ ոչ մի հայ չի մնա»։