Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ»` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Քաղաքականություն

Դեկտեմբերի 13-ին «Գարեգին Նժդեհ» հրապարակում տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի հանրահավաք -հանդիպում Շենգավիթ համայնքի բնակչության հետ: Դաշինքը նախաձեռնել է հրապարակային հանդիպումների շարք, որի նպատակն է ժողովրդին ակտիվացնելու միջոցով հասնել ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխության կատարելուն, որը հնարավորություն կտա անցկացնել նախագահի վստահության հանրաքվե:

Խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ հանրապետությունում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մեղավորը ղարաբաղյան կլանն է՝ չընտրված նախագահի գլխավորությամբ, իսկ իշխանափոխության միակ տարբերակը խաղաղ ճանապարհն է:

Նշվեց, որ Ռ. Քոչարյանը իրավունք չունի ժողովրդի անունից Ադրբեջանի հետ բանակցություններ վարի, եւ դաշինքը դեմ է Ղարաբաղի հարցով հանրաքվեին:

Բանախոսներն անդրադարձան նաեւ գների, սակագների բարձրացումներին` հայտնելով, որ դրա պատասխանատուն ապաշնորհ իշխանություններն են: Նշվեց, որ իշխանափոխության առաջատար ուժը ժողովուրդը պետք է լինի:

Աժ պատգամավոր Արշակ Սադոյանը հայտնեց, որ միասնական պայքարի, ժողովրդի ակտիվացման եւ ճնշման միջոցով հնարավոր է գարնանը առանց լուրջ բախումների հասնել արդյունքի:

Դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ իշխանափոխությունը հասարակական պահանջ է, եւ հետեւողական պայքարի միջոցով հաղթելու ենք: