Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը անտեսո՞ւմ է (տեսանյութ)

Հասարակություն
8190366da27e436b31f638f6faf30c2d

Երևանում բացօթյա առեւտրով զբաղվողները այսօր կրկին քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք դժգոհում էին քաղաքապետի` Երեւանում բացօթյա առեւտուրը արգելելու որոշումից: Ցուցարարները, վանկարկում էին «Ամոթ», «Սոված ենք», թափահարում էին նաեւ «Քաղաքապետ քեզ ժողովուրդը չի ընտրել», «Մի զրկիր մեզ հանապազօրյա հացից» կարգախոսներով ցուցապաստառներ: Քաղաքապետարանի մուտքը հսկում էին կառույցի անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք ամեն կերպ կանխում էին ցուցարարների մուտքը շենք:

«Արդեն երկրորդ օրն է, որ գալիս ենք այստեղ: Մենք օրինական առեւտուր ենք անում, դա են վկայում թե հարկային տեսչության մեզ տրամադրած ՀԴՄ հաշվիչ մեքենաները, թե բանկերում մեզ տրված վարկերը: Մենք համարվում ենք հարկատու, իսկ հիմա ասում են, թե մեր առեւտուրը անօրինական է: Ինչպես սա հասկանանք»,-«Ա1+»-ին վրդովված ասաց ցուցարարներից Արմեն Սարգսյանը:

«Այսօր շատ լուրջ կազմակերպություններում պարապուրդի խնդիր կա, իսկ մեզ ասում են` գնացեք այլ աշխատանք գտեք: Ստիպեցին ՀԴՄ-ներ գնել, իսկ հիմա արգելում են գործունեություն ծավալել»,-բողոքեց Էդգար Զարդարյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը հիմնականում առեւտրով են զբաղվել մետրոների, շուկաների և կանգառների հարակից տարածքներում: Նրանց մեծ մասը 40 անց մարդիկ են, ովքեր աշխատանք չունեն եւ մինչեւ թոշակի տարիքի հասնելը փորձում են մի կերպ գոյատեւել: Այս մարդիկ պնդում են, որ այսօր իրենք հնարավորություն չունեն շուկաներում առեւտուր անելու, քանի որ դրա համար հարկ եղած ֆինանսական միջոցները չունեն:

«Շուկան գյուղացիների համար է, իսկ մենք վերավաճառողներ ենք, այդ մի քանի կոպեկի տարբերությամբ ենք ապրում»,- ասում էին նրանք:

Ցուցարարները նաեւ տեղեկացրեցին, որ քանի օր է գալիս են այստեղ, սակայն մինչ օրս քաղաքապետի կողմից որեւէ ուշադրության չեն արժանացել: Միայն քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներից մեկը նրանցից մեկի երեխային 2000 դրամ է տվել:
«Մենք այսօր աշխատանք ենք ուզում, մուրալու չենք եկել»,-ասաց երեխայի ծնողը, որի հավաստմամբ` տանը ուտելու հաց չունեն, իսկ իրեն սպասում են հիվանդ 3 երեխաները:

Այսօր միայն մի քանի լրագրող հնարավորություն ունեցավ ներս մտնել պարզաբանումներ ստանալու համար: Նրանց ընդունել է քաղաքապետարանի մասնագետներից մեկը եւ բացատրել, որ իրենք գործում են օրենքի շրջանակում:

Մոտ երկու ժամ մնալով քաղաքապետարանի դիմաց եւ այդպես էլ որեւէ ներկայացուցչի չհանդիպելով` ցուցարարները երթով շարժվեցին Մատենադարանի հարակից տարածք, որտեղ ընթանում է Ժողովրդական կուսակցության հանրահավաքը: Նրանք մտադիր են միանալ Տիգրան Կարապետյանին եւ հանրահավաքից հետո կրկին վերադառնալ քաղաքապետարան:

Ի դեպ, ցուցարարները «Ա1+»-ին հավատացրեցին, որ իրենց բողոքի ակցիաները քաղաքապետարանի դիմաց լինելու են շարունակական եւ վաղը կրկին հավաքվելու են այդտեղ: