• Միավորում չի՞ լինի (տեսանյութ)

    Մամուլում տարածված լուրերը, թե նախընտրական շրջանում հնարավոր է միավորվեն ԲՀԿ, ՀՅԴ եւ «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն իր կողմնակիցներով, ԲՀԿ-ում համարում են անհիմն:

    «Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նման բան բացառապես գոյություն չունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
    «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Գնել Ղլեչյանը եւս մեկնաբանելով այս լուրերը նշեց, որ կոնկրետ «Դաշինքը» վաղուց միավորվել է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությանը եւ այլ ուժի կամ կուսակցության չի հարելու:

    «Իսկ ի՞նչ որոշում կկայացնի Սամվել Բաբայանը, պարզ կլինի նախընտրական շրջանում: Հիմա այդ մասին խոսելը դեռ վաղ է»,-ասաց նա:

    ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանը եւս նշեց, որ նման լուրեր տարածելու համար հիմքեր չի տեսնում: «Սա ձեռնտու է երեւի որոշակի քաղաքական շրջանակների կամ էլ երեւի սուրճի բաժակ են նայել ու նման բաներ տարածել»,-ասաց նա:

     

  •