Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

Վերջերս Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում նաեւ երկրի նոր նախագահն, կրկին հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում փորձեր են արվում Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրությանը ներկայացնել որպես «անվերահսկելի» տարածք, որտեղ իբր իրականացվում է թմրամիջոցների անօրինական շրջանառություն, ինչպես նաեւ գործում են միջազգային ահաբեկիչների ճամբարներ։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները կրում են ամբողջ պատասխանատվությունը երկրում եւ ենթակա տարածքներում իրավիճակի համար։ Ադրբեջանական կողմի նմանատիպ հայտարարությունները պաշտոնական Բաքվի՝ ԼՂՀ վարկաբեկման նպատակով ուղղված ծավալած վտանգավոր քաղաքական քարոզչության մի մասն են։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ ադրբեջանական քաղաքական գործիչների հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի անվերահսկելիության վերաբերյալ, որոնք չեն հաստատում նաեւ երկրում հավատարմագրված բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, նպատակ ունեն խոչընդոտել պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությանը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, ինչը ԵԱՀԿ գագաթաժողովի Բուդապեշտյան որոշման /1994/ ուղիղ խախտումն է։ Ադրբեջանի ղեկավարության այդպիսի մոտեցումը արվում է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու սեփական անբարյացակամությունը թաքցնելու հաշվարկով։

Նախարարությունը հերթական անգամ հաստատում է երկրի ղեկավարության պատրաստակամությունը` մոնիտորինգի անկախ խումբ ընդունելու եւ ԼՂՀ տարածքում խմբի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու վերաբերյալ։