Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԻՑՈՒԿ

Քաղաքականություն

Կամ` Մուրացկանների տեղերն էլ կոալիցիան շուտով կբաժանի

«Այսօրվա քաղաքական դաշտը երիցուկ է հիշեցնում. եթե չես սիրում Ռոբերտ Քոչարյանին` ուրեմն ընդդիմադիր ես, եթե սիրում ես` իշխանամետ»,- այսպես ներկայացրեց քաղաքական դաշտը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Թեեւ առանձնապես հասկանալի չէ, թե իր կուսակցությունը որ դաշտում է գործում` ընդդիմադիր, թե իշխանամետ, այնուամենայնիվ, Արամ Հարությունյանը իրեն ընդդիմադիր է զգում: Բայց դեմ չէ Ռոբերտ Քոչարյանի անձին եւ այսօր էլ, եթե իրենց թեկնածությունը դնեն Քոչարյանն ու կոմունիստական անցյալ ունեցող անձնավորություն, ապա ինքը դարձյալ կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանին:

Նա մի լավ քննադատեց գործող կոալիցիային ու հատկապես դրանում տեղ գտած պոպուլիստական ուժերին: Նա նկատեց, որ այսօր կոալիցիան զբաղվում է մեկ գործողությամբ` բաժանումով. պաշտոններ է բաժանում. «Այսօրվա նախարարները ոչ քաղաքական դեմքեր են, ոչ պրոֆեսիոնալներ: Նույնիսկ փոխնախարարի պաշտոնում պրոֆեսիոնալներ չեն նշանակում, որ գոնե նախարարի տեղը աշխատի: Այսպես եթե շարունակվի` մուրացկանների տեղերն էլ է կոալիցիան բաժանելու. թելադրելու է, թե որ տարածքում որ մուրացկանն է գործելու»:

Արամ Հարությունյանը չխնայեց նաեւ ընդդիմությանը, որին բաժանեց երկու մասի. մեկն ընդդիմություն, մյուսը` կեղծ ընդդիմություն: Բնականաբար, վերջինիս դերում նա տեսնում է «Ազգային միաբանություն» կուսակցությանը:

«Արդարություն» դաշինքին էլ չի ընդունում Արամ Հարությունյանը. դատավարությունների վրա դաշինք չի ստեղծվում, մի հոգու դեմ անձնավորված պայքարի համար դաշինք չի ստեղծվում,- գտնում է Հարությունյանը: Այս իմաստով, Արամ Հարությունյանի համար շատ ավելի ընդունելի է ՀՀՇ-ն, որն այսօր ուղղակի ընդդիմություն է, ոչ թե ընդդիմություն Ռոբերտ Քոչարյանին:

«Ղարաբաղի հարցը պետք է լուծի այն մարդը, ում նախընտրական ծրագրում հստակ նշված է Ղարաբաղի հիմնահարցի լուծման տարբերակը, եւ ժողովուրդը վստահել է այդ մարդուն ու ընտրել նրան, նրա ծրագիրը»:

Արամ Հարությունյանը համարում է, որ Հայաստանում չի գտնվի մի տղամարդ, որը համաձայնի խնդրի լուծման ոչ հայանպաստ եղանակին: Արամ Հարությունյանը զգուշացրեց, որ եթե հայ ժողովուրդը սովի պատճառով ոտքի չի կանգնում, ապա Ղարաբաղի հարցի դեպքում ժողովուրդը անպայման ոտքի կկանգնի: