Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԱԻՄ-Ի ՀԱՅՑԸ

Քաղաքականություն

«Քաղաքապետարանը ճիշտ է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 10-ին ցույցի արգելելու մասին որոշումը: Այդ ցույցը կխոչընդոտեր ամբողջ երթեւեկությանը», - այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ` քաղաքապետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Դանիելյանը:

Այսօր դատարանը մերժեց ԱԻՄ-ի հայցը ընդդեմ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի:

Ըստ հայցվոր կողմից ելույթ ունեցող Պարույր Հայրիկյանի՝ սույն թվականի նոյեմբերի 25-ին ԱԻՄ-ը ներկայացրել էր գրավոր դիմում քաղաքապետ Երվանդ Զախարյանին, որտեղ իրեն տեղեկացրել էր, որ ԱԻՄ-ը սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Երեւանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմաց ցույց-հանրահավաք է անցկացնելու: Սակայն քաղաքապետը սույն թվականի դեկտեմբերի 1-ի որոշումով թույլատրել է հանրահավաքի անցկացումը, սակայն՝ այլ վայրում:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ քաղաքապետը այս որոշումը կայացրել է հիմք ընդունելով ՀՀ տեղական ինքնակառավարման օրենքի 33 եւ 85 հոդվածները, որոնցում նշված է, որ հանրահավաքները, ցույցերը կանոնակարգում են համայնքների ղեկավարներները՝ քաղաքապետի պարտադիր հսկողությամբ:

Ըստ տիկին Դանիելյանի՝ ժամը 16-ը երթեւեկության համար ամենածանրաբեռնված ժամն է. «Քաղաքապետարանը որոշեց, որ հանրահավաքը անցկացվի Մատենադարանի մոտ, քանի որ այնտեղ ավելի հանգիստ է»:

Պարոն Հայրիկյանը վստահ է, որ քաղաքապետի այս որոշման պատճառը մեկն է՝ ամեն կերպ թույլ չտալ, որ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ԱԻՄ-ը ցույց անցկացնի Կառավարության շենքի մոտակայքում. «Մեկ ամիս առաջ շինարարական աշխատանքների պատճառով հրապարակի փակված լինելու փաստը եւ չկործանեց հայ ազգին, իսկ մեր մեկ ժամյա ցույցը, իրենց կարծիքով, մեծ խնդիր կդառնա մարդկանց երթեւեկելու հարցում»: