Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԿԱՆ

Քաղաքականություն

«Դուք ինչու՞ եք կարծում, որ երեք համանախագահներից միայն ես եմ խելացի եւ միայն ես կարող եմ գաղափարներ ունենալ»,- ԼՂ հիմանախնդրի կարագավորման վերաբերյալ Բաքվում կատարած իր հայատարարությունը հերքելու կամ հաստատելու փոխարեն լրագրողներին դիմեց ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Հիշեցնենք, որ պարոն Մերզլյակովը Բաքվում հայտարարել էր, որ ինքն ԼՂ խնդրի կարագավորման նոր գաղափար ունի, որին տեղյակ չեն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները:

Փաստորեն Երեւանում պարոն Մերզլյակովը ոչ միայն չհաստատեց իր այս հայտարարությունն, այլեւ խուսափեց այն հայտարարությունից, թե պաշտոնական Մոսկվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելուց հետո երեք համանախագահներն էլ նշեցին, որ նոր առաջարկներ թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի նախագահներին չեն ներկայացրել եւ չեն ներկայացնի այնքան ժամանակ՝ մինչեւ իրենց հայտնի չդառնա երկու նախագահների տեսակետները:

«Նախագահ Քոչարյանի, ինչպես նաեւ նախագահ Ալիեւի հետ հանդիպումը ես գնահատում եմ բավականին արդյունավետ եւ կարեւոր: Երկու երկրներում էլ ավարտվել են նախագահական ընտրությունները եւ շատ լավ հնարավորություն է մեզ ընձեռնված ակտիվորեն շարունակել այս գործընթացը: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս երկու երկրների նախագահներն կկարողանան հանդիպել եւ մենք կօգնենք նրանց հանդիպման կայացման համար: Երկու նախագահներն էլ ցանկություն են հայտնել հանդիպել, որքան հնարավոր է շուտ, սակայն հանդիպման հստակ ժամկետն առայժմ ոչ ոք չի կարող ասել»,- ասաց ԱՄՆ համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

Ֆրանսիայի համանախագահ Անրի Ժակոլենը հայտարարեց, որ առանձնապես ավելացնելու բան չունի պարոն Պերինային: Լրագրողների հարցերին ի պատասխան պարոն Ժակոլեն նշեց. «Ռոբերտ Քոչարյանի տեսակետը մեզ ամենեւին էլ անծանոթ չէ, նա բանակցությունների մեջ է արդեն 4 տարի, իսկ Իլհամ Ալիեւն ընդամենը երկու ամիս է, ինչ Ադրբեջանի նախագահ է: Այս այցի կարեւորությունն այն էր, որ մենք ծանոթացանք երկու երկրների նախագահների տեսակետների հետ, որոնք հաշվի կառնենք մեր հետագա գործունեության մեջ»:

Համանախագահները հրաժարվեցին ասել, թե ԼՂ բանակցություններում Ղարաբաղն ինչ կարգավիճակով է մասնակցելու:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւանյան ասուլիսն ամփոփելով կարելի ասել, որ համանախագահները ոչ թե պատասխանեցին լրագրողների հարցերին, այլ ասացին այն՝ ինչ ուզում էին ասել:

Ասուլիսի վերջում պարոն Մերզլյակովը հայտարարեց, որ իրենցից առանձնապես գաղափարներ չսպասենք. «Սա շուկա չէ, որ մենք առաջարկներ ներկայացնենք եւ երկու կողմերն էլ որոշեն, թե որն է լավը եւ որն են իրենք վերցնում: Երկու երկրները պետք է հասնեն խնդրի լուծմանը»:

Երեւանից համանխագահներն կմեկնեն Ղարաբաղ: