Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՐԱՍՏԱՆԻ ՍԻՆԴՐՈՄՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԲՈՒԴԿԵՆ»

Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը շաբաթ օրը հյուրընկալվել էր «Ազդակ» ակումբում: Նրանից պահանջվում էր վերլուծություններ անել «Վրաստանի սինդրոմը եւ դրա ակնկալիքներն Անդրկովկասում» թեմայով:

Լավ հարեւանից մինչեւ վրացին մեկ քայլ է

«Մեր հարեւանը ոչ մի անգամ իրեն լավ հարեւանի պես չի պահել»,- այսպես սկսեց Վրաստանի մասին իր դատողությունները ՀՀ ԱԱ նախկին փոխնախարարը:

Ինչու՞: Ըստ պարոն Եղիազարյանի, այդ երկիրը խնդիրներ ունի, որոնք փորձում է լուծել ի վնաս Հայաստանի: «4 տարի առաջ Վրաստանի իշխանությունները մի լկտի քայլ կատարեցին` Բաղրայի մաքսային կետը տեղափոխեցին Սադախլո: Այդ մաքսային կետը անցնում էր Ջավախքով եւ մեզ ծով հանող ամենակարճ ճանապարհն էր: Դա աշխատատեղ էր ապահովում Ախալքալաքում»,- պարզաբանեց Գուրգեն Եղիազարյանը:

Մաքսային կետը Բաղրա վերադարձնելու հարցը ԱԺ նախկին պատգամավորը վրացիների առաջ բարձրացրել է Լոնդոնում: «Վրացի պատգամավորները երդվեցին տեղ հասնելուն էդ խնդիրը լուծել: Մինչեւ հիմա ոչ մի քայլ չեն արել»,- իր դերը մաքսակետի խնդրում բացահայտեց պարոն Եղիազարյանը:

Մաշտոցն է ստեղծել երկուսիս այբուբենը, տես

«Ամենացավալին այն էր, որ Շվարնաձեի իշխանությունները օպոզիցիայի լիդերներին փնովում էին նրա համար, որ, ասենք, Ժվանիայի մայրը հայ է, Բուրջանաձեի հայրը հայ է: Հայ լինելը պարզվում է վատ բան է»,- Վրաստանի սինդրոմի մյուս կողմը ներկայացնելով ասաց պարոն Եղիազարյանը: Այս փաստը նա նույնպես բացատրեց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վարած քաղաքականությամբ:

Ասում ես` ախպե՞ր ենք

«Մենք էլ, վրացիներն էլ ընտրություններում նույն կենսագրությունն ունենք»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: Երկու երկրների ընտրություններում էլ թվեր են նկարվել, «ընտրակաշառքներ էլ են եղել, բայց դա քող է, իհարկե ասֆալտներ են փռել, իհարկե վերելակներ են նորոգել»:
«Բայց այնտեղ ընդդիմությունը ոտքի կանգնեց միայն ու միայն թվեր նկարելու համար»,- բացահայտեց ԱԱ նախկին փոխնախարարը:

Եվս մի փոքրիկ մանրամասն` «5 միլիոնանոց Վրաստանում 1 մլն 800 հազար ընտրող կար, 2 միլիոն չգիտեմ ինչքանանոց Հայաստանում 2 միլիոն ընտրող կար»:

Եղած չեղածը մի «բուդկի» պատմություն է

«Էս ամեն ինչը Շեւարդնաձեն ստացավ որպես պատասխան կլանային տնտեսության»,- նոր բացահայտումներին անցնելով շարունակեց «Ազդակի» հյուրը: Իսկ ի՞նչ էր կատարվում այնտեղ: «Հացը բերում էր կինը, շաքարավազը բերում էր կնոջ բարեկամը»,- ասաց նա:

Մեր երկրում նույն կլանային պատճառներով Գուրգեն Եղիազարյանը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի հեռացման սոցիալական պահանջ: Իսկ ո՞ր պահից Ռոբերտ Քոչարյանի եւ Գուրգեն Եղիազարյանի ջրերն սկսեցին նույն առվով չհոսել. «Էն պահից, երբ որ ես գնացի նրա մոտ եւ ասացի, որ հերթական բուտկեն է կառուցվում Օպերայի բակում: Հետո ինձ ասացին, որ էդ բուտկեն պատկանում է նրան: Հետո ես ասացի, որ էս մարդու հետ ես ընդհանուր ոչինչ չունեմ, քանի որ նա վրեժխնդիր է լինում Երեւանից»: