Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տնտեսություն

Այսօր լրագրողները հրավիրվել էին «Զվարթնոց» օդանավակայան` տեսնելու, թե ինչպես են նոր տերերն այն համապատասխանեցնում միջազգային չափանիշների: ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» արգենտինական ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրի պահանջների համաձայն, օդանավակայանում նորոգման աշխատանքներ են կատարվում:

Առայժմ հայտնի չէ, թե ինչքան գումար է ներդրվելու «Զվարթնոց» օդանավակայանի նորոգման նպատակով: Ըստ օդանավակայանի սեփականատերերի, իրենք պայմանագիրը ստորագրելիս ներդրումների վերաբերյալ չեն պայմանավորվել: «Կառավարությունը չասաց ծախսեք 50 մլն դոլար կամ 100 մլն դոլար, կառավարությունն ասաց, դուք սարքեք օդանավակայան, որը կհամապատասխանի միջազgային բոլոր չափանիշներին»,- ասում է «Արմենիա-միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը:

Մինչեւ 2004թ. մարտը «Զվարթնոց» օդանավակայանում կատարվելու է 25 մլն դոլարի աշխատանք: Ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի, թռիչքուղու նորոգման, լուսավորության եւ այլ աշխատանքների համար արդեն ծախսվել է 12մլն դոլար:

Օդանավակայանի նոր շենքի կառուցման նախագիծը ՀՀ կառավարությունը դեռեւս չի հաստատել: Պարոն Գեչիջյանը կարծում է, որ միայն շենքի կառուցման համար կծախսվի 50մլն դոլարից ավելի գումար:

Օդանավակայանի նոր շենքի կառուցումը նախատեսվում է իբրեւ ծրագրի առաջին փուլ: (Դեռեւս պարզ չէ, թե ինչ նպատակով է օգտագործվելու օդանավակայանի հին շենքը): Երկրորդ փուլում ծրագրվում է մատուցվող ծառայություների բարելավում: