Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՅՈՒՐԻ ԲԱՇՄԵՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Մշակույթ

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր եւ մենակատար Յուրի Բաշմետի ղեկավարությամբ: Նվագախումբն իր համերգը կնվիրի Արամ Խաչատրյանի 100-ամյակին, թեեւ երգահանի ստեղծագործություններից այսօր չի կատարվի: Նվագախումբը կատարելու է Չայկովսկու, Շոստակովիչի, Վեբերի ստեղծագործություններից:

Չցանկանալով հաճախել ալտի դասարան՝ Յուրի Բաշմետը հետագայում առաջին անգամ երաժշտության պատմության մեջ, ալտը նվագախմբի համար դարձրեց սոլո գործիք:
«Ինձ Հայաստանի հետ կապում է ոչ միայն մշակույթը, այլ ես այս երկրի հետ կապված եմ հոգով: Ես շատ հայ ընկերներ ունեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յուրի Բաշմետը:

Վերջինս քնատ էր. գիշերով Երեւան էր ժամանել Չինաստանից:
«Որտե՞ղ է Ձեր տունը»,- հարցրեց լրագրողներից մեկը: «Այդ նույն հարցն իմ կինն է տալիս»,- պատասխանեց աշխարհահռչակ երաժիշտը՝ ավելացնելով, որ «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը ապրում է իր համերգների հաշվին. «Մենք չենք ստանում պետական հովանավորություն եւ չունենք հովանավորներ»:

Երեւանյան համերգը կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնը: