Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ ԱՌՈՂՋ ԱՏԱՄՆԵՐ

Հասարակություն

«Մեկ ամիս շարունակ Երեւանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցի աշակերտները կկարողանան անվճար հետազոտել եւ բուժել հիվանդ ատամները, իսկ դեկտեմբերի 25-ից հետո այս ծրագրի մեջ կընդգրկվեն Երեւանի մյուս դպրոցները»,- թիվ 33 դպրոցում անցկացվող միջոցառման ժամանակ տեղեկացրեց Կալիֆոռնիայի «Հայ ատամնաբույժների ընկերություն» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Գեղամ Մինասյանը:

Այսօր այս դպրոցի բակում տեղակայված հատուկ շարժական կլինիկայում սկսվեց «Ժպտուն ատամներ» ծրագրի իրականացումը: Ծրագրի նախաձեռնողներն են՝ Կալիֆոռնիայի «Հայ ատամնաբույժների ընկերություն» կազմակերպության հայկական մասնաճյուղը եւ Երեւանի «Կենտրոն» թաղապետարանը:

Պարոն Մինասյանի հավաստմամբ, ծրագրի նպատակն է՝ անվճար ատամնաբուժական ծառայություններ մատուցել ոչ միայն դպրոցականներին, այլ նաեւ մսուր-մանկապարտեզների, մանկատների երեխաներին. «Այս ծրագիրը մենք սկսել ենք իրականացնել 2000 թվականից Հայաստանի մի շարք շրջաններում՝ Վանաձորում, Դիլիջանում: Այժմ մեր հայ բժիշկները կաշխատեն բոլոր սոցիալապես անապահով երեխաների համար»:

«Կենտրոն» համայնքի թաղապետ Գագիկ ԲԵգլարյանի խոսքերով, երեխաներին կսպասարկեն բարձրակարգ հայ մասնագետներ, որոնք աշխատելու են անվճար: