Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

Հասարակություն

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք լրատվամիջոցների առաջին համաժողովը, որի անցկացման վերաբերյալ որոշում կայացվել է 2003թ. մարտին Բրատիսլավայում: Սա նաեւ 2002թ. մայիսին Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժովում ներկայացված միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու վերաբերյալ առաջարկի իրականացումն էր:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, սփյուռքի լրատվամիջոցների 150 ներկայացուցիչներ: «Ամեն հայ, որ ապրում է արտասահմանում, պետք է իրեն հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի պոտենցիալ թղթակից համարի»,- համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նա հայտարարեց, որ ուզում է մասնակիցների հետ «խելոք մտքեր չկիսել, այլ պարզ խոսել»: Ըստ նրա, հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն ոչ թե ՀՀ իշխանություններինն է կամ էլ 3 մլն հայաստանցիներինը, այլեւ աշխարհի 6 մլն հայերինը:

Պարոն Հարությունյանը սփյուռքահայ մասնակիցներին խորհուրդ տվեց արտերկրում Հանրային հեռուստատեսության հաղորդումները դիտել առանց քմծիծաղի, այլ հպարտությամբ:

Ոչինչ որ հանրային հեռուստատեսությունը դեռ այնպիսին չէ, ինչպիսին կուզենար տեսնել պարոն Հարությունյանը, կարեւորն, ըստ նրա, այն է, որ «կարողանանք խաղալ աշխարհի խաղի կանոններով»:

Ալեքսան Հարությունյանը անդրադարձավ նաեւ լրատվության որակին. «Կողմնակալ կամ անկողմնակալ լրատվություն չկա. կա լավ եւ վատ լրատվություն»: Ըստ նրա, սա իրեն սովորեցրել են համալսարանում եւ դա կարող է վկայել նաեւ համաժողովին ներկա ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը: Պարոն Հարությունյանի կարծիքով, եթե «լսարանը մեծ է, լրատվամիջոցը ճիշտ է, եթե քիչ` սխալ»:

«Հնարավոր է արդյոք ազատ լրատվություն մի երկրում, որտեղ կան փակված լրատվամիջոցներ, օրինակ «Ա1+», «Նոյան տապանը»»,- հարցրեց Լոս Անջելեսի ներկայացուցիչը: Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահը պատասխանեց, որ ազատությունը միայն բազմակարծության ապահովումը չէ, եւ ազատ պետք է լինի ոչ միայն Հանրային հեռուստատեսությունը, այլեւ մնացած հեռուստատեսությունները` «անկախ նրանից, թե որ կուսակցության եւ խմբի կողմից է ձեւավորված»:

Համաժողովը կշարունակի իր աշխատանքը մինչեւ նոյեմբերի 17-ը: