Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌՈՏԱՐԻ» ԱԿՈՒՄԲԸ ՄԱՍՈՆԱԿԱՆ ՉԷ

Հասարակություն

«Ռոտարի» ակումբը մասոնական ակումբ չէ», - այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռոտարի» Երեւանյան ակումբի փոխնախագահ Հովսեփ Սեֆերյանը, դատապարտելով Հայ արիական միաբանության նախագահի՝ Արմեն Ավետիսյանի հայտարարությանը, թե ակումբը մասոնական է:

Պ-ն Սեֆերյանը սակայն չհերքեց, որ հնարավոր է, որ ակումբում լինեն նաեւ մասոններ, սակայն իրենք այդ չգիտեն, քանի որ մասոնները գործում են գաղտնիության շղարշի տակ, «մենք լրիվ տարբեր էություններ ենք, տարբեր հոգեբանություններ ենք, մենք բարեգործական հասարակական կազմակերպություն ենք եւ զբաղվում ենք միայն բարեսիրական գործունեությամբ»:

Պրն Սեֆերյանը նաեւ հայտարարեց, որ ակումբի անդամ չեն նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Հրանուշ Խառատյանը, ինչպես նաեւ Արմեն Ավետիսյանի կողմից ասված հայտնի քաղաքական գործիչներ եւ կուսակացական առաջնորդներ:

Այս պահին ակումբն ունի 26 անդամներ, որոնք ըստ բանախոսի «կյանքում որոշակի հաջողությունների հասած եւ նյութական միջոցներով ապահովված մարդիկ են»: Ի դեպ նրանց թվում է բոլորին հայտնի Սերոբ Տեր-Պողոսյանը՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի բաժնետերը: Ակումբում կան նաեւ կանայք:

Եվ այսպես ամեն չորեքշաբթի, ժամը յոթին, «Անի Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում, հատուկ մետաղե զանգակը հնչեցնելուց եւ Հայաստանի ազգային օրհներգը երգելուց հետո, սկսվում է Երեւանի «Ռոտարի» ակումբի ժողովը: Հովսեփ Սեֆերյանը հավաստիացնում է, որ ժողովները բաց եւ թափանցիկ են եւ ցակացողները կարող են մասնակցել:

1905 թվականին է սկսվել «Ռոտարի» շարժումը, որի հարյուր ամյակը նշվելու է եկող տարի: Հայաստանը այդ շարժմանը սկսել է մասնակցել 1991 թվականից, սակայն «Ռոտարի» ինտերնացիոնալի կողմից պաշտոնապես ճանաչվել է 1996 թվականին: