Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԼՌԵՑՐԻՆ

Հասարակություն

«Մեր երկրում ինչքան արդարություն կա, այնքան էլ արդարադատություն: Իսկ քանի որ արդարություն չկա, չկա եւ արդարադատություն», - սկսեց իր վերջին ճառը ամբաստանյալ Նաիրի Հունանյանը: Ու հենց այստեղ էլ փչացավ խոսափողը:

Սա հավանաբար նշան էր, որ Հունանյանից բախտն իրոք խռովել է»:

«Հանգամանքների բերումով խաբանվեց մի ծրագիր, որին ես հավատում էի», - հայտարարեց ամբաստանյալը` կրկին շեշտելով, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանություններ չէին ծրագրվել. դեռ ավելին ` իրենք «անակնկալի են եկել այդ սպանություններից»:

Ըստ նրա, դատավարության ընթացքում չապացուցվեց` ինչ իմաստ կար սպանություններն այդ ձեւով, այդ տեղում իրականացնել. «Ոչ հինգ հոգով, ոչ էլ չբացառվող կազմակերպիչներով հնարավոր չէր այդ անել»:

Նաիրի Հունանյանը իր վերջին խոսքում գնահատեց նաեւ դատավարության մասնակիցների աշխատանքը: «Մեղադրողները ինքնակամ չեն գործել, այլ ենթարկվել են որոշակի թելադրանքի: Նույնը կարող եմ ասել դատավորի մասին, որը զոհ է գնացել որոշակի ճնշումների», - ասաց ամբաստանյալը:

«Բոլորիս վրա էլ մթնոլորտային ճնշում է եղել», - ընդհատեց նրա խոսքը դատավոր Սամվել Ուզունյանը: Իրենց հասցեագրված գնահատականը դուր չեկավ մեղադրողներին: Ընդհատելով ամբաստանյալին` նրանք բարձրաձայն դժգոհեցին` այդպիսով խախտելով Քր. դատ. օրենսգրքի 355.3 հոդվածը, որով արգելվում է ընդմիջել ամբաստանյալի վերջին խոսքը, հարցեր տալ:

«Վերջին խոսքը բացարձակ խոսքի իրավունք չէ», - ընդհատելով ամբաստանյալին՝ օրենգիրքը խախտեց նաեւ Սամվել Ուզունյանը, երբ իր վերջին խոսքում ամբաստանյալը որոշեց բացատրել «հոկտեմբերի 27-ի» գործով դատավարության վեց ամսյա ընդմիջման պատճառները:

Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ 2003թ. հունվարի 31-ին ինքը գրավոր դիմել է դատավորին, իսկ փետրվարի 3-ին զինվորական դատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանին` ասելով, որ «ինքը կարեւոր հայտարարություն ունի անելու»:

«Մնում էր ձեզ տեսակցության բերել հիվանդանոց», - զայրացավ դատավորը` հիշեցնելով, որ 2003թ. հունվարի 18-ին դատավարությունը ընդմիջվեց իր հիվանդության պատճառով:

Չնայած դատավորի եւ դատախազների զգուշացումներին` ներկայացնել միայն մեղադրանքի ծավալին վերաբերող հետազոտված ապացույցներ, Հունանյանը որոշեց հրապարկել 2003թ. փետրվարին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկած իր նամակը:

«Հարգելի նախագահ», - չէր հասցրել ասել ամբաստանյալը, երբ դատավորը հայտարարեց, որ ինքը մտնում է խորհրդակցական սենյակ: «Թելադրանքը մի կետից է գալիս», - հասցրեց ասել ամբաստանյալ Նաիրի Հունանյանը:

Ամբաստանյալներին արագորեն դուրս հանեցին դահլիճից, դատախազները հանգիստ շունչ քաշեցին: