Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Համլետ Ստեփանյանը, Դերենիկ Բեջանյանը հրաժարվեցին վերջին խոսքի իրավունքից. «Ոչ մի բան չեմ ուզում ասել»:

Աշոտ Կնյազյանը դատարանից խնդրեց հաշվի առնել իր մեղքի չափը, կայացնել արդարացի դատավճիռ. «Փաստ է` ոչ մարդ եմ սպանել, ոչ ահաբեկել, ոչ էլ պետական գույքն եմ վնասել, ոչ նախօրոք տեղյակ եմ եղել, ոչ էլ դերաբաշխում եմ ունեցել: Անգամ մասնակից չեմ եղել: Զղջում եմ»:

Ամբաստանյալ Վռամ Գալստյանը հայտարարեց, որ ինքը չի սպանել, ոչ էլ տեսել է Արմենակ Արմենակյանի սպանությունը եւ խորհուրդ տվեց Սարգսյաների եւ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչներին դիմել համապատասխան մարմիններին` հայտնաբերելու կորած փամփուշտներն ու գնդակները. «Այն ժամանակ հայտնի կդառնա` ով է սպանել Արմենակյանին»:
«Ես զղջում եմ, որ ականատես եմ եղել, այսինքն մտել եմ ներս, տեսել կատարվածը», - եզրափակեց իր խոսքը ամբաստանյալը:

Էդիկ Գրիգորյանը հայտարարեց, որ զղջալ կարելի է միայն կատարված հանցանքի դեպքում. «Չեմ սպանել, չեմ փորձել, դեպքի ժամանակ տեղում չեմ եղել»:

Նաիրի Հունանյանը դատարանից ընդմիջում խնդրեց, նա իր «վերջին խոսքը» թողել էր մեկուսարանում: Նաիրի Հունանյանը վերջին խոսքը կտեւի երկու ժամ: