Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱ՞ՅԼ

Հասարակություն

«1999թ. հոկտեմբերի 27-ին կատարվածը հանցագործություն չպետք է համարվի», - այս բառերով եզրափակեց իր պաշտպանական ճառը ամբաստանյալ Նաիրի Հունանյանը:

Ըստ նրա, «հոկտեմբերի 27»-ը ծայրահեղ անհրաժեշտություն էր` թելադրված Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով: Նրա խոսքերով, դատարանը պիտի հաշվի առնի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի այն սահմանումը, ըստ որի «իշխանությունները չպետք է այնպես գործեն, որ քաղաքացին դիմի ապստամբության որպես ծայրահեղ քայլ»:

Հունանյանի ասելով, իրենք հոկտեմբերի 27-ին ցանկացել են «վերջ դնել բռնապետությանը» , քանի որ երկրում գործազրկություն էր, արտագաղթ, արտաքին պարտքը մեծանում էր, ընտրությունները կեղծվում էին, վտանգված էր երկրի ապագան:

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ իրենց պետք է դատապարտել ՔՕ 44.1 հոդվածի (Ծայրահեղ անհրաժեշտությունը) համաձայն, քանզի մեղադրողները չկարողացան հերքել, որ երկրում այդպիսի իրավիճակ էր:

Նաիրի Հունանյանը նաեւ միջնորդեց ՔԴՕ 354.5 հոդվածի համաձայն վերսկսել դատավարությունը: Ըստ նրա, դատավարությունը «արհեստականորեն կրճատվեց», օդում մնացին չբացահայտված հարցեր, որոնք «հետագայում շահարկումների տեղիք կտան»:

Նա միջնորդեց միացնել հոկտեմբերի 27-ի գործով երկու մասերը, հարցաքննել գործով կարեւոր 43 վկաների, բացահայտել լրացուցիչ հանգամանքներ:

Միջնորդությունը մերժվեց: