Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՐԴԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Հասարակություն

Այսօր «PJA» քրդական կանանց կազմակերպությունը «Քուրդիստան» կոմիտեի երեւանյան գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի նպատակն էր աշխարհի հանրության եւ,մասնավորապես,Հայաստանի լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ եթե թուրքական իշխանությունները ոչինչ չանեն իրենց առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի առողջական վիճակը բարելավելու համար, ապա իրենք սույն թվականի դեկտեմբերի 1-ից հետո կդիմեն ռազմական գործողությունների:

Ըստ «PJA»-ի պատասխանատու Մզգին Շադիի՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին «KADEK» քրդական կազմակերպությունը ժողով էր հրավիրել, որտեղ կազմակերպության անդամները որոշում կայացրեցին սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը քուրդ ժողովրդի զինադադարի մասին.«Այս ընթացքում մենք անց ենք կանցնելու միայն խաղասիրական ակցիաներ՝ երթեր,մամուլի ասուլիսներ, իսկ դեկետմբերի 1-ից հետո մենք ստիպված կլինենք դիմել ծայրահեղ քայլերի: Այս անգամ մեր ազատագրական գործողությունները կծավալվեն ոչ թե սարերում, այլ թուրքական քաղաքներում»:

Մզգին Շադիի խոսքերով,այսօր թուրքական իշխանությունները բացահայտ իրականացնում են հակաքրդական քաղաքականություն եւ իրենց առաջնորդի վատ առողջական վիճակը՝ դրա վառ ապացույցն է. «Աբդուլլահ Օջալանի հարազատները եւ փաստաբանները, անհանգստացած լինելով իր առողջության վատթարացման համար, դիմել են Թուրքիայի արտաքին եւ ներքին գործոց նախարարներին, որպեսզի ստեղծվի բժիշկների անկախ միջազգային պատվիրակություն, որը իր եզրակացությունը կտա իրենց առաջնորդի առողջության վերաբերյալ, սակայն թուրքական իշխանությունները անտարբերության են մատնել եւ չլուծված են թողել այս հարցը»: