Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՄԱՀԸ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՍՐՏՈՎ ՉԻ

Հասարակություն

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դատարանում հայտարարեց, որ իրեն ներկայացվող պատժաչափը անօրինական է:
Մեղադրողները պահանջել են նրան եւ հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալներից եւս չորսին դատապարտել ցմահ ազատազրկման: Սարգսյանների եւ Դեմիրճյանների ընտանիքները պահանջում են բոլորի նկատմամբ կիրառել մահապատիժ:

Նաիրի Հունանյանի տրամաբանությամբ, իր հանցանքը պետք է դատապարտվի նախկին ՔՕ 61 եւ 59 հոդվածներով սահմանվող պատժաչափերով. 3,5 տարի առաջ այս հոդվածներով էր նրա նկատմամբ առաջադրվել մեղադրանք: Հետեւաբար, ըստ ամբաստանյալի, իրեն պետք է դատապարտել կամ 15 տարվա ազատազրկման կամ մահապատժի:

«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են , որ մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մահապատիժը վերացվել է, սահմանվել է այլ պատիժ», - դատարանում պարզաբանում էր ամբաստանյալը:

Հունանյանը ասում է, որ իրեն չպետք է դատապարտել ցմահ ազատազրկման, քանի որ «ցմահը խստացնող հանգամանք է»: Ըստ Նաիրի Հունանյանի, «միամիտ են նրանք», որոնք չեն հասկանում, որ Քրեական նոր օրենսգրքի ընդունմամբ «մեղմացնող օրենքը ետադարձ ուժ ունի»:

Եթե նույն տրամաբանությամբ շարունակեր իր խոսքը, հավանաբար Նաիրի Հունանյանը կպահանջեր իրեն ազատ արձակել դատարանի դահլիճից:

«Անբարոյականի զավակ», - այլեւս չդիմացավ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը: «Ց-երով եւ մ-երով ինձ չես վախեցնի», - պատասխանեց Նաիրի Հունանյանը: