Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ. «ԷՍ ՇԵՆՔՆ ԻՄՆ Է, ԷՍ ԵՐԿԻՐՆ ԻՄՆ Է»

Հասարակություն

Նաիրի Հունանյանն իր պաշտպանական ճառի նախաբանը նվիրել էր նրան, որ «1999թ. հոկտեմբերի 28-ից հետո այս դատավարությունը ծառայում է բոլորի, ներառյալ տուժողների, նրանց իրավահաջորդների քաղաքական շահերին»:

Ամբաստանյալի գնահատականներով, ստեղծված մթնոլորտի պատճառով տուժողների մի մասը նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունքներ է տվել:

Ըստ նրա, օրինակ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը չի ասել, որ իրեն ճանաչել է 1990թ-ից: «Անասուն, իմ անունը չտաս», - տեղից պոռթկաց Անդրանիկ Մանուկյանը:

Այսօր Նաիրի Հունանյանին լսելու էին եկել նաեւ ՀՅԴ, ՀՀԿ անդամ մի շարք տուժողներ:

Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ անօրինական է «27»-ի գործով անջատված մասի գոյությունը. «Դրա միակ պատճառն այն է, որ ես հրաժարվեցի իմ նախորդ ցուցմունքներից»:

Նա տեղին համարեց տեղեկացնելու, որ «ցանկացած անօրինական քայլ բումերանգի պես հարվածում է այդ քայլն անողին»:

Հունանյանը չի ընդունում իշխանությունը թուլացնելու, քայքայելու եւ յուրացնելու վերաբերյալ մեղադրանքը: «Եթե ես զենք եմ վերցրել անօրինաբար, իշխանության դեմ եմ գնացել, ապա միայն նրա համար, որ բիրտ ուժի դեմ ուժ դնեմ, որ ժողովուրդը կարողանա տեղից շարժվել, իր իշխանությունը ամրապնդել»,- արդարանում էր հանցախմբի պարագլուխը:

Նրա խոսքերով, իրեն այդ քայլին դրդել էին 1998-ին, 1999-ին «ընտրակեղծումներով իշխանության զավթումը»:

Նաիրի Հունանյանը չի ընդունում նաեւ պետական գույքը դիտավորյալ վնասելու վերաբերյալ մեղադրանքը: Ըստ նրա, ինքը չէր նախատեսել` օրինակ` նստարանները փչացնելը, բացի այդ. «Ես ինձ համարում եմ այդ գույքի տերը, ԱԺ-ի շենքի, այս շենքի եւ մնացած շենքերի տերը»: Դահլիճում հնչած մի ռեպլիկին էլ ի պատասխան ` Նաիրի Հունանյանը հավելեց. «Ամեն մարդ ինքն է որոշում` տեր է, թե ոչ»:

Նաիրի Հունանյանը իր պաշտպանական ճառը կշարունակի վաղը: