Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողներից խուսափելու ձե՞ ւ (տեսանյութ)

Քաղաքականություն
16b59a4e9e17f97001eec8d82ae5b653

Այսօր ԱԺ քառօրյայի առաջին օրը վերանորոգված եւ օվալաձեւ դահլիճում, պարզ դարձավ, որ լրագրողների աշխատանքային պայմանները բարդացել են, եւ հակառակը ամեն ինչ արվել է պատգամավորների խաղաղ անհոգ կյանքն ապահովելու համար:

Օրինակ, եթե նախկինում պատգամավորների հետ նիստը լուսաբանող լրագրողները նույն դահլիճում էին, եւ ցանկացած պահի դահլիճից դուրս եկող պատգամավորին կարելի էր մոտենալ եւ հարց տալ, ապա այսօր դա անհնար է: Լրագրողների համար նախատեսված սրահները 3-րդ հարկում են, նիստերի դահլիճը 2-րդ:

Եվ մինչ լրագրողները կհասնեն երկրորդ հարկի նախասրահ, հրապարակային գործունեությունից խուսափող ժողովրդի «ընտրյալները» կհասցնեն հեռանալ շենքից:

Բացի այդ, լրագրողների օթյակը ԱԺ-ի դահլիճից առանձնացված է ապակու միջոցով եւ բացի միկրոֆոնի մեջ ասված խոսքերը, դահլիճում այլ անցուդարձի մասին լրագրողները կարող են միայն կռահել: Ձայնագրելու համար հարմարություններ չկան:

Մի խոսքով, «ԱԺ-ի դերի բարձրացման» շրջանակներում խորհրդարանը ապահովեց պատգամավորների անձեռնմխելիությունը լրագրողներից: Ի դեպ, երբ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին դժգոհեցինք, որ չենք կարող պատգամավորների հետ նիստերի արանքում զրուցել,հարցազրույց վարել, նա ասաց. «Բա լա՞ վ էր, որ չէինք կարողանում մի րոպե դահլիճից դուրս գայինք. միանգամից մոտենում ու հարցազրույց էիք վերցում: Ամբողջ աշխարհում ընդունված ձեւ կա, եթե հարցազրույց եք ուզում` դիմում եք, 5 օրյա ժամկետում ձեզ կպատասխանեն: Հիմա ես էլ կարող էի ձեզ ասել, որ զբաղված եմ ու չխոսեի»: Ահա եւ բարեփոխման ամբողջ իմաստը:

Մի տեսակ վտարվածի զգացողությամբ բողոքող լրագրողները դիմեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարին: Գեղամ Ղարիբջանյանը լսեց խնդիրները, դժգոհությունները եւ խոստացավ զեկուցել ԱԺ նախագահին եւ մինչեւ մյուս քառօրյա հնարավորինս մեղմել լրագրողների դժգոհությունը:

Ի դեպ, պատգամավորներ էլ էին մեծ դժվարությամբ հարմարվում նոր պայմաններին, օրինակ, պատգամավոր Խաչիկ Մանուկյանի համակարգիչը չէր աշխատում, բացի այդ մի քանի անգամ պատգամավորները փորձնական քվեարկեցին, մինչեւ սովորեցին այդ անել:

Եվ այս շփոթի մեջ ԱԺ-ի նախագահը ներկայացրեց առաջիկա քառօրյայում քննարկվելիք հարցերի հերթականությունն այն դեպքում, երբ դեռ օրակարգը հաստատված չէր: Հետո գործերի կառավարչի զգուշացումից հետո միայն խորհրդարանը քվեարկությամբ հաստատեց քառօրյայի օրակարգը եւ սկսվեց նիստը:

Սովորականի նման, քվեարկություններից հետո օվալաձեւ շքեղ դահլիճը կիսադատարկ էր: