Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԸ ԶԲԱՂՎԱԾ Է

Հասարակություն

Այսօր Վճռաբեկ դատարանում պետք է լսվեր «Բարի Ծիծեռնակ» հանգստյան տանը բնակվող փախստականների հայցն ընդդեմ հանգստյան տան սեփականատեր Սարգիս Սարգսյանի, որով պահանջվում է ապահովել հանգստյան տանը բնակվող փախստականների կացարանի հարցը:

Դատը, սակայն, հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 21-ը: Դատավոր Արման Մկրտումյանը դատավարության հետաձգումը բացատրեց նրանով, որ դատարանի դահլիճում շատ դատավարական գործեր են լսվելու:

Վճռաբեկ դատարանում «Բարի Ծիծեռնակ» ՓԲԸ-ի հայցն արդեն երկրորդ անգամ է, ինչ հետաձգվում է: Այդ կապակցությամբ իր վրդոհմունքը հայտնեց փախստականների ներկայացուցիչ Լարիսա Մարիանյանը. «Բավական չէ պարտքով փող ենք վերցնում, հաշմանդամների, թոշակառուների հետ գալիս դատարան ենք հասնում, դատավորներն էլ հարկ չեն համարում դատավարությունը սկսել: Փոխանակ օրենքի աշխատողներն այն կիրառեն, դեռ մի բան էլ ոտնահարում են: Հայաստանում մեր իրավունքները ոտնահարված են»,- նշեց նա:

Տիկին Մարիանյանը ավելացրեց, որ հանգստյան տունը զրկված է սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, եւ փախստականներից շատերը տառապում են տուբերկուլիոզ հիվանդությամբ: Եթե Վճռաբեկ դատարանը անկողմնակալ վճիռ չկայացնի, փախստականները պատրաստ են դիմել Եվրոպական դատարան։